ՌԴ Նախագահը Յուրի Հովհաննիսյանին պագևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով

Հայազգի ճանաչված միջուկային ֆիզիկոս, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:
«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով rusarminfo.ru կայք-էջին, հայտնում է, որ Յուրի Հովհաննիսյանն այդ պարգևին արժանացել է գիտության և կրթության ոլորտի զարգացման , ինչպես նաև բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելու համար:
«Հայերն այսօր»-ը ավելի վաղ հայտնել էր, որ չորս գիտնականներ՝ Յուրի Հովհաննիսյան գլխավորությամբ, հայտնագործել են Մենդելևի պարբերական աղյուսակի 4 նոր տարր, որոնցից 118-րդ տարրը կոչվել է Հովհաննիսյանի պատվին՝ oganesson (og): «Տարրի հայտնաբերումը թույլ է տալիս հասկանալ, որ աշխարհն ավելի մեծ է, քան կարծում ենք»,-ասել է Հովհաննիսյանը և հավելել, որ նոր տարրի բացահայտման վրա 20 տարի է աշխատել:
Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը ծնվել է 1933 թվականին Դոնի Ռոստովում: Դպրոց հաճախել է Երևանում: 1976-1989 թթ. եղել է Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) միջուկային ռեակցիաների լաբորատորիայի փոխտնօրեն, 1989-1997 թթ.՝ տնօրեն, 1997 թվականից՝ գիտական ղեկավար, միաժամանակ, 1971 թվականից՝ նույն լաբորատորիայի ծանր միջուկների հետազոտման բաժնի պետ։ 1969-1970 թթ.՝ Փարիզի համալսարանի պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի, Ֆրանկֆուրտի (Գերմանիա), Մեսինայի (Իտալիա) համալսարանների պատվավոր դոկտոր։
Նա մեծ ավանդ ունի ՀՀ գիտական կազմակերպությունների և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև համագործակցության զարգացման գործում, ինչի համար էլ 2010 թ. պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալով»: