Հայաստանի և Արցախի հաղթանակը՝ Սկանդինավյան կինոփառատոնում

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը Հելսինկիում տեղի ունեցող Սկանդինավյան միջազգային կինոփառատոնում (Scandinavian International Film Festival) հաղթող է ճանաչվել միանգամից 2 անվանակարգում՝ «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» և «Լավագույն դերասան – Ալեքսանդր Խաչատրյան»։
Հոկտեմբերի 25-ին տրվեց կինոփառատոնի մեկնարկը։ Ժամը 18։00-ից Հելսինկիի Caisa մշակութային կենտրոն-ը լի էր աշխարհի տարբեր կողմերից ժամանած կինեմատոգրաֆիստներով, դերասաններով, մշակույթի և արվեստի գործիչներով։ Կարմիր գորգի արարողությանը հաջորդեց մրցանակաբաշխությունը։
«Լավագույն գեղարվեստական ֆիլմ»-ի համար մրցանակը շնորհվեց ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին, ով շնորհակալություն հայտնեց կինոփառատոնի կազմակերպիչներին՝ աշխատանքը բարձր գնահատելու համար։
Ջիվան Ավետիսյանն այս առիթով, մասնավորապես, նշեց. ««Վերջին բնակիչը» ֆիլմի ունեցած հաջողությունները նպաստում են հայկական կինոյի միջազգայնացման ջանքերին, ղարաբաղյան հիմնախնդրի ճշգրիտ ներկայացմանը և Արցախի վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացմանը: Դրանք նաև օգնում են մեր թիմին համագործակցություն ձևավորել և ամրապնդել մի շարք երկրների կինեմատոգրաֆիստների հետ, ինչը կարևոր հիմք կդառնա իմ հաջորդ կինոնախագծի՝ «Դրախտի դարպասը» ֆիլմի բարեհաջող նկարահանման և առաջխաղացման համար։ Այն հիմա զգալի ուշադրություն և աջակցություն է ստանում տարբեր առաջատար դերասանների, պրոդյուսորների և դիստրիբյուտորների կողմից, և բոլոր հիմքերը կան ակնկալելու, որ կարող է արժանանալ ավելի մեծ միջազգային գնահատականի, քան իմ նախորդ կինոնախագծերը: Հուսով եմ, որ հայկական և միջազգային տարբեր շրջանակների համատեղ ջանքերի շնորհիվ՝ նոր ֆիլմը կկարողանա նոր խոսք ասել հայկական կինեմատոգրաֆիայում և Արցախի բնակչության պայքարի բովանդակությունն աշխարհին հավուր պատշաճի ներկայացնելու գործում»:
«Վերջին բնակիչը» ֆիլմն առաջադրվել է 2017թ. «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը՝ լավագույն «Օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, որին ներկայացված է եղել 65 ֆիլմ։ Այդ առիթով էլ, Լոս Անջելեսի առաջատար հյուրանոցներից՝ «Four Seasons Hotel»-ում կայացել է ֆիլմի փակ ցուցադրությունը՝ «Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի» անդամների (HFPA) համար՝ արժանանալով նրանց բարձր գնահատանքին։ Ֆիլմի մասին անդրադարձ է կատարվել «Ոսկե Գլոբուս»-ի պաշտոնական կայքի և ամերիկյան հայտնի «Los Angeles Times» օրաթերթի կողմից։