ՀԲԸՄ ամառային փորձառության 2018թ. ծրագիրն այժմ բաց է հայտեր ընդունելու համար

Ամեն տարի ՀԲԸՄ-/ն մասնագիտական զարգացման իր ծրագրերի միջոցով, այդ թվում՝ ՀԲԸՄ ամառային փորձառության ծրագրի հովանու ներքո հզորացնում է սփյուռքի և Հայաստանի երիտասարդների կարողությունները: Ողջունվում է շահագրգիռ անձանց կողմից Ամառային փորձառության ծրագրում ընդգրկվելու հայտերի ներկայացումը՝ մինչև 2018թ. դեկտեմբերի 1-ը:

ՀԲԸՄ ամառային փորձառության ծրագիրը երիտասարդներին պատրաստում է ապագային և օգնում մոտենալու իրենց արմատներին և մտերմանալու տարեկիցների հետ՝ բովանդակալից մշակութային, կրթական և սոցիալական միջոցառումների օգնությամբ: Տարիներ ի վեր մանրակրկիտ ընտրությամբ իրականացված տեղավորումները՝ ըստ պրակտիկանտների կրթության և կարիերայի հետ կապված նպատակների, ապահովել են ծրագրի հաջողությունն ու կայունությունը: Բացի այդ, ընդունող կազմակերպությունների ու ընկերությունների ցանկը շարունակաբար ընդլայնվում է՝ ներառելով նոր ասպարեզներ:

2017թ.-ի ամառը ՀԲԸՄ ամառային փորձառության ծրագիրը պրակտիկայով ապահովել է 13 երկիր ներկայացնող 76 երիտասարդի: Պրակտիկանտները արժեքավոր գործնական փորձ են ձեռք բերել Նյու Յորքի, Երևանի, Փարիզի, Լոնդոնի և Բուենոս Այրեսի առաջատար կազմակերպություններում ու ընկերություններում: 2017 թվականին Նյու Յորքի ամառային փորձառության ծրագիրը (NYSIP) և Երևանի ամառային փորձառության ծրագիրը (YSIP) հատեցին կարևոր մի նշաձող՝ տոնելով իրենց, համապատասխանաբար, 30-րդ և 10-րդ տարեդարձը:

NYSIP-ի 25 մասնակիցները իրենց պրակտիկան անցկացրեցին այնպիսի խոշոր ընկերություններում, ինչպիսիք են՝ AXA Advisors-ը, Նյու Յորքի արվեստի մանկական թանգարանը, Fitch Ratings, Michael Aram Studios, NewsDeeply ընկերությունները և Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը: YSIP-ի 28 պրակտիկանտները փորձառություն ձեռք բերեցին մի շարք առաջատար կազմակերպություններում, այդ թվում՝ Արաբկիր բժշկական կենտրոնում, Deem Communications, Europe in Law, Grant Thornton Armenia, Microsoft Armenia, National Instruments և Synopsys Armenia ընկերություններում, Իզմիրլյան բժշկական կենտրոնում:

Մասաչուսեթսի համալսարանի ուսանող Ջորջ Թարաբելսիի համար YSIP-ը առանձնահատուկ հնարավորություն էր: «Պրակտիկան ուսումնական բնույթի էր և այն հնարավորություն ընձեռեց ծանոթանալու տարբեր վիրահատությունների հետ: Որպես ապագա բժիշկ՝ տարբեր բաժանմունքների բժիշկների աշխատանքին հետևելը ինձ թույլ տվեց ավելի լավ պատկերացնել, թե ինչ ուղղություն եմ բռնելու բժշկության բնագավառում», – ասաց Ջորջը:

Լիբանանցի Հուսիկ Գայմագամյանը ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունում և Նյու Յորքում Լիբանանի հյուպատոսությունում իր պրակտիկայի ընթացքում գործնականում ծանոթացավ դիվանագիտական գործունեությանը: «Միջազգային հարաբերությունները պարզապես դասագրքային հայեցակարգ կամ տեսություն չեն, այլ իրական աշխատանք, որը իրական արժեք է ձևավորում աշխարհում», – ասաց Հուսիկը: «ՄԱԿ-ի շրջանակներում տարբեր հանդիպումների ընթացքում ես հանդիպել եմ դիվանագետների, ովքեր հմտորեն և փայլուն կերպով բանակցություններ էին վարում, և ես հասկացա, որ օրերից մի օր ինքս կլինեմ այդ դերում»:

Պրակտիկանտները լիարժեք ներգրավվեցին Միացյալ Նահանգների և Հայաստանի կյանքին ու մշակույթին՝ ամենատարբեր միջոցառումների օգնությամբ, սկսած աշխատաժողովներից, դասընթացներից, Արցախի և Գյումրիի տեսարժան վայրեր այցելություններից մինչև հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների, հոգևորական առաջնորդների ու համայնքների ղեկավարների, այդ թվում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի, ԱՄՆ Արևելյան Թեմի Առաջնորդ Նորին Սրբազնություն Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի, Արցախի արտաքին գործերի նախարարի և այլոց հետ:

Բուենոս Այրեսի ամառային փորձառության ծրագիրը (BASIP) գոյության առաջին տարում հյուրընկալել էր 5 մասնակցի Չինաստանից, Էստոնիայից և Միացյալ Նահանգներից: BASIP-ի մասնակիցները չորս շաբաթ շարունակ պրակտիկա են անցել Merval (Mercado de Valores de Buenos Aires), E-Planing, Bolivia y Divina, Cámara Argentina de Comercio e Industria, և Estudio Singerman & Makon ընկերություններում և Fundación Luisa Hairabedian հիմնադրամում:

Պրակտիկանտները ծանոթացան Արգենտինայի բիզնես-միջավայրին և գործնական փորձ ձեռք բերեցին: «Պրոֆեսիոնալները, ում հետ շփվեցինք, շատ պատրաստակամ և գիտակ մարդիկ էին: Ես իսկապես սովորեցի նրանցից: Նրանք իսկապես հետաքրքրված էին մեզանով», – ասաց Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի ուսանող Սիմոն Նահիկյանը:

Լոնդոնի և Փարիզի պրակտիկանտները առավելագույն օգուտ քաղեցին մի շարք խոշոր եվրոպական կազմակերպություններում, այդ թվում՝ Backes & Strauss, Newscape Capital Group, StoneHedge Partners, Wigmore Medical, OTS Solicitors, Amber Capital, Kafard Films, Southside Interactive և Daniel Rosange et Associés ընկերություններում իրենց անցկացրած ժամանակից:

Բոստոնցի Քրիստինա Այանյանը մի քանի ընկեր ձեռք բերեց Լոնդոնում և նրանց հետ սերտ կապ հաստատեց: «Ես երբեք այսքան կարճ ժամանակահատվածում չեմ մտերմացել մարդկանց որևէ խմբի հետ: Մեր խմբի անդամների միջև կապը միշտ թանկ կլինի ինձ համար, և ես սպասում եմ մեր վերամիավորմանը», – ասաց նա: «Newscape Capital Group ընկերությունում աշխատելը իմ մասնագիտական կարիերայի լավագույն փորձառություններից մեկն էր: Ես կարողացա փորձ ձեռք բերել ֆինանսների ասպարեզում: Ես վերջապես կողմնորոշվեցի, թե ինչ եմ անելու կարիերայիս հարցում»:

Մոնրեալի համալսարանի երրորդ կուրսի ուսանող Կարլ Քիլաջյանը ծրագրի ընթացքում շատ բան սովորեց ֆինանսների և հաշվապահության բնագավառում: «Փարիզյան Daniel Rosange & Associates հաշվապահական ֆիրմայում մասնագիտական փորձը շատ արժեքավոր էր, քանի որ ծրագրի ողջ ընթացքում ինձ ղեկավարում և սովորեցնում էին ոլորտի առաջատար մասնագետները», – ասաց Կարլը:

Երկու երկրների պրակտիկանտները մասնակցեցին այնքան սպասված զրույցների ու դասախոսությունների և այցելեցին հռչակավոր այնպիսի տեսարժան վայրեր, ինչպիսիք են՝ Լուվրը, Օրսե թանգարանը, Վերսալի պալատը, ինչպես նաև ուղևորվեցին Օքսֆորդ, Մանչեսթըր և Բրայթոն:

ՀԲԸՄ փորձառության ծրագրի և հայտերի մասին հավելյալ տեղեկությունների համար տես https://agbu.org/program/internships/ կայքէջը.

Հիմնված լինելով 1906 թվականին՝ ՀԲԸՄ-ն (www.agbu.org) աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող հայկական կազմակերպությունն է: Գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ն կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի առնչվելով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքին:

ՀԲԸՄ և վերջինիս կողմից ողջ աշխարհում իրականացվող ծրագրերի մասին տես www.agbu.org կայքէջը.

Scroll Up