Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկա գտնվեց «Ջինիշյան» հիշատակի ծրագրի 50-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությանը

Հոկտեմբերի 14-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեﬕական թատրոնում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց «Ջինիշյան» հիշատակի ծրագրի գործունեության 50-ամյակին նվիրված միջոցառմանը:
Բարձր գնահատելով հիմնադրամի կեսդարյա գործունեությունը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Հայրենիքի և ծնողների հանդեպ իր պարտքի գիտակցման գենի թելադրանքով է դեռևս 50 տարի առաջ հայության մեծահամբավ զավակ Վարդան Ջինիշյանը` ի հիշատակ իր ծնողների ձեռնարկել «Ջինիշյան» հիշատակի ծրագիր համահայկական կառույցի ստեղծումը:
Ահա այսպես ԱՄՆ Երիցական եկեղեցու հետ փոխհամաձայնությամբ ծնունդ առավ ԱՄՆ «Ջինիշյան» հիշատակի ծրագիր բարեգործական հիմնադրամը, որը մինչ օրս նույն նվիրումով շարունակում է ծավալուն և կենսական կարևորության ծառայություններ մատուցել աշխարհի տարբեր ծայրերում ապրող հազարավոր կարիքավոր հայերի: Հիմնադրամն առաջին քայլերը կատարեց Միացյալ Նահանգներից դուրս` Սիրիայում և Լիբանանում` հակամարտության և անկայուն պայմանների հետևանքով աղքատության մեջ հայտնված հայերին աջակցություն ցուցաբերելով:
Մեծ փառքի ու պատվի են արժանի այն անհատները, որոնց ջանքերի և նվիրումի շնորհիվ Լիբանանում, Սիրիայում, Թուրքիայում, Իսրայելում, Հայաստանում, Արցախում և Վրաստանում այսօր իրականացվում են մարդասիրական և զարգացման բազմաբնույթ ծրագրեր` նպաստելով մեր հայրենակիցների կյանքի որակի բարձրացմանը և արժանապատիվ կյանքով ապրելու պահանջին:
Հստակ են ջինիշյանցիների գործունեության ռազմավարական մոտեցումները. անկախ գտնվելու վայրից` հաշվի առնել հայությանը հուզող առաջնային խնդիրները, մարտահրավերները և դրանք լուծելու հնարավորությունները:
ԱՄՆ «Ջինիշյան» հիշատակի ծրագիրը հինգ տասնամյակ շարունակ միլիոնավոր դոլարներ է տրամադրել Վարդան Ջինիշյանի «զավակներին»` կարիքավոր հայ մարդկանց` հայանպաստ տարաբնույթ ծրագրերի իրականացման ճանապարհով նրանց հոգևոր, մտավոր և սոցիալական զարգացումն անխափան ապահովելու համար:
Առանձնակի կարևորում եմ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի միջոցով ԱՄՆ «Ջինիշյան» հիշատակի ծրագրի գործունեությունը Հայաստանում, Արցախում և Վրաստանում: Հիմնադրամը Հայաստանի անկախությունից ի վեր կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, քաղաքացիական հասարակության, տնտեսության և համայնքային զարգացման ոլորտներում արձանագրում է լուրջ հաջողություններ:
Շնորհակալ լինելով կատարված աշխատանքի համար` չենք կասկածում, որ կառույցը Հայաստանում իր առաքելությունն ու նպատակները կյանքի կոչելու համար հանդես կգա նորանոր նախաձեռնություններով:
Նրա հայանպաստ գործունեության առավելությունն է նաև այն, որ իր հոբելյանը Մայր հայրենիքում է նշում: Կրկին շնորհավորում եմ ԱՄՆ Խորհրդատվական կոմիտեի անդամներին, տեղական խորհրդատվական մարմնի ներկայացուցիչներին, բոլոր նվիրատուներին, «Ջինիշյան ընտանիքի» ողջ անձնակազմին` ԱՄՆ «Ջինիշյան» հիշատակի ծրագրի ստեղծման 50-ամյակի առիթով` մաղթելով նոր մտահղացումների, գաղափարների և ծրագրերի իրականացում»:
Հաշվի առնելով ԱՄՆ «Ջինիշյան» հիշատակի ծրագրի և Հալեպի «Ջինիշյան» հիշատակի ձեռնարկի հայապահպան գործունեությունը, Հայաստանում բարեգործական և զարգացման ծրագրերի իրականացման գործում ունեցած մեծ ավանդը՝ կազմակերպությունները պարգևատրվեցին ՀՀ Նախագահի շնորհակալագրերով: Շնորհակալագրերը հանձնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Ջինիշյան» հիշատակի ծրագրի ԱՄՆ գրասենյակի տնօրեն Էլիզա Մինասյանը շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար՝ ընդգծեց. «15 տարի առաջ կարևորեցինք զարգացման ծրագրերը, որոնք ուղղված են խնդիրների պատճառները վերացնելուն, այլ ոչ թե հետևանքները ﬔղﬔլուն: Այսօր Հայաստանի 100-ից ավելի դպրոցներ ներգրավված են ﬔր ծրագրում, որոնց ﬕջոցով հմտություններ և գիտելիքներ ենք փոխանցում երիտասարդներին, որպեսզի նրանք դառնան հասարակության ակտիվ և տեղեկացված անդամ»։