Մեկնարկել է Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների 6-րդ համաժողովը

Հոկտեմբերի 9-ին Ծաղկաձորում գտնվող գրողների տանը մեկնարկեց Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների վեցերորդ համաժողովը` «Ժամանակակից հայ գրողն ու գրականությունը 21-րդ դարի մարտահրավերների առջև» խորագրով։
Հայաստան են այցելել Արցախից և աշխարհի տասնչորս այլ երկրից քառասունվեց գրողներ (Իրան, Վրաստան, Սիրիա, Արցախ, ԱՄՆ, Թուրքիա, Ռուսաստան, Աբխազիա, Ռումինիա, Գերմանիա, Շվեյցարիա, Իսրայել, Անգլիա, Ֆրանսիա, Լիբանան)։
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը համաժողովի մասնակիցներին փոխանցեց նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը, որում մասնավորապես ասվում է.
«Հարգելի´ հայրենակիցներ,
Ողջունում եմ բոլորիդ և շնորհավորում հայագիր և օտարագիր գրողների վեցերորդ համաժողովի մեկնարկը:
Օտար մշակույթների, քաղաքակրթությունների ազդեցությունների ներքո հայ ժողովրդի մի զգալի հատված ապրում է ազգային «ես»-ը չկորցնելու, այն պահպանելու ամենօրյա խնդրով:
Հայ ընտանիքը, լեզուն, մշակույթն ու հավատքն անփոխարինելի դերակատարություն ունեն այս հարցում, բայց անհատներն են, որոնք իրենց գործունեությամբ դրանց պաշտպանն են ու լինելիության երաշխավորը:
Այս առումով բարձր գնահատանքի են արժանի հայ գրողները: Բոլոր ժամանակներում նրանք մեծ ազդեցություն են ունեցել հասարակական-քաղաքական կյանքի վրա, եղել են և մնում են հայի ինքնության պահպանման համար ճամփա բացած առաջամարտիկները: Հայ գրողը, ընդհանրապես, իսկ վերջին հարյուրամյակում սփյուռքահայ գրողն իր բարձր գիտակցականությամբ, նվիրումով ու բացառիկ պատասխանատվությամբ կատարեց ազգապահպան իր առաքելությունը:
Գրողների ներկա սերունդը շարունակում է իր նախորդների՝ Մուշեղ Իշխանի, Անդրանիկ Ծառուկյանի, Նիկողայոս Սարաֆյանի և մյուս մեծերի բարի ավանդույթները»:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը համաժողովի մասնակիցների փոխանցեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնության խոսքը:
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր ողջույնի խոսքում հակիրճ խոսեց այն խնդիրների մասին, որոնք ունեցել են և ունեն հայ գրողները Հայաստանում և Հայաստանից դուրս։
Համաժողովին զեկույցներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վ. Դևրիկյանը, ՀԳՄ անդամներ, գրականագետներ, գրողներ:
Տեղի ունեցավ սփյուռքահայ գրողների գրքերի ցուցադրություն։
Այնուհետև գրողներն այցելեցին Կեչառիսի վանական համալիր։
Նիստերը կշարունակվեն Ծաղկաձորում և Երևանում, ինչպես նաև կլինեն այցելություններ Էջմիածին, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Ծիծեռնակաբերդ։
Համաժողովն իր աշխատանքները կավարտվի հոկտեմբերի 12-ին: