Հայ Գոյլավների զարմանահրաշ պատմությունը, որոնք վճռական դեր ունեցան Ռումինիան «Եվրոպայի շտեմարան» դարձնելու մեջ

Ռումինական adevarul.ro հեղինակավոր կայքը շարունակում է ներկայացնել Ռումինիայի պատմության հեղինակավոր դեմքերին եւ ընտանիքներին, որոնք կարեւորագույն դեր են ունեցել այս կամ այն ոլորտում։ Այդ շարքում իրենց հաստատուն տեղն ունեն Ռումինիայի բազմաթիվ հայեր եւ հայկական տոհմիկ ընտանիքներ, որոնց պարբերաբար անդրադառնում է պարբերականը։ Այս անգամ հերթը հայկական Գոյլավ ընտանիքինն է, որոնք շուրջ մեկ դար Ռումինիայի հյուսիս-արեւելյան հատվածի ամենահայտնի կալվածատերերն էին։

120 տարի առաջ հայ կալվածատերերի հարուստ ընտանիքը՝ Ռինգիլեշտ բնակավայրի Գոյլավները, միլիոնների հասնող գործարքներով հռչակ է բերում Ռումինիային` դարձնելով այն «Եվրոպայի շտեմարանը»: 20-րդ դարի սկզբին Բոտոշանի նահանգի այս ընտանիքը հազարավոր տոննա ցորեն եւ գարի էր վաճառում Գերմանիային եւ Անգլիային՝ միեւնույն ժամանակ հաջողելով ոտքի կանգնեցնել Ռումինիայի առաջին ժամանակակից ֆերմերային բիզնեսը:

Ռինգիլեշտը մարդկության կողմից մոռացված մի գյուղակ է, որը գտնվում է Սանտա Մարե կոմունայում, Բոտոշան քաղաքից 80 կմ հեռավորության վրա՝ Ռումինիայի եւ Մոլդովայի Հանրապետության միջեւ սահմանին։ Քչերը կարող են այսօր պատկերացնել, որ Ռինգիլեշտի լայնածավալ դաշտերում՝ այդ աղքատ եւ մեկուսացված վայրերում, 20-րդ դարի սկզբին գործում էր Ռումինիայի երբեմնի ամենաժամանակակից գյուղատնտեսական եւ անասնաբուծական ագարակը:

Միայն հին արխիվներն են շարունակում պահպանել Ռինգիլեշտի ագարակատերերի գյուղատնտեսական դրախտի եւ հսկայական հարստության հիշատակը, որին տիրապետում էր հայ կալվածատերերի մեծահարուստ ընտանիքը, որոնք պատմության մեջ մնացին Ռինգիլեշտի Գոյլավներ անունով:

Սակայն Գոյլավների հիշատակը նույնպես կորավ ժամանակների մշուշում՝ կոմունիստների կողմից ջնջվելով Ռումինիայի պատմությունից: Նրանց մասին գիտեն միայն պատմաբանները, որոնք այդ տարածքի անցյալի սիրահարներ են, կամ նրանց կալվածքներում ապրող ծեր գյուղացիները: Ծերունի Գիցը Ազոյկայը, որը 90 տարեկան է, երբեք չի մոռանա Գոյլավներին հոր պատմածների շնորհիվ: Ծերերի համար նրանք այն մարդիկ են, ովքեր տասնամյակների ընթացքում կերակրում եւ աշխատանք էին տալիս այդ շրջանի բոլոր գյուղացիներին:

Գոյլավներն էին, ովքեր մտցրին վճարովի աշխատանքը, որը նորամուծություն էր այն ժամանակների գյուղացիների համար. ավելին, նրանք բերեցին ժամանակակից այնպիսի արտադրական մեքենաներ, որ դրանք տեսնելիս գյուղացիները խաչակնքվում էին։ «Գոյլավները մեծ բոյարներ էին: Իսկական տղամարդիկ։ Նրանք արեցին մի բան, ինչ ոչ ոք այլեւս չի անի այստեղ: Հայրս պատմում էր, որ այնպիսի սարքեր էին բերում, որ այդ կողմերում ոչ մեկը չէր տեսել։ Ծեր կանայք խաչակնքում էին, երբ այդ մեքենաները սկսում էին աշխատել ու մի քանի հոգու գործ անել։ Մարդկանց համար էլ շատ լավ էր. Գոյլավները նրանց գումար էին հատկացնում։ Գյուղի հին բնակիչները ցորենով ապահովում էին գերմանացիներին եւ անգլիացիներին», ասում է Ռինգիլեշտի բնակիչ ծերունին: Իսկապես, ինչպես վկայում են արխիվները, վիթխարի բերքը վաճառվում էր Գերմանիային եւ Մեծ Բրիտանիային հին մայրցամաքի պատմության ճակատագրական պահերին։

«Այնպիսի կալվածատերեր են եղել, որոնք արտահանման հսկայական քանակության շնորհիվ նպաստել են Ռումինիայի հռչակին որպես «Եվրոպայի շտեմարան»։ Դա Մոլդովայի եւ գուցեեւ այն ժամանակվա Ռումինիայի գյուղատնտեսության ամենահաջողված բիզնեսն էր։ Ռինգիլեշտի կալվածքը մոդեռն գյուղատնտեսության նմուշ էր ոչ միայն Ռումինիայում, այլեւ Եվրոպայում», ասում է Բոտոշանի հայ համայնքի պատմությանը քաջատեղյակ ռումինահայ Ֆլորին Սիմիոն Էգները։

Վարձակալներից դարձան մեծ կալվածատերեր

Պատմաբանները ասում են, որ Գոյլավները Բոտոշանում հաստատված հնագույն հայկական ընտանիքներից են։ Ավելի կոնկրետ, Բոտոշանի շրջանում նրանց մասին առաջին հիշատակումը եղել է Ալեքսանդր Բարի իշխանի օրոք, 15-րդ դարի սկզբում։ Բոտոշանը առեւտրային կենտրոն էր եւ գտնվում էր կարեւոր ճանապարհների մեծ խաչմերուկում, ինչն իդեալական էր առեւտրի համար։ Ահա թե ինչու էր դա այդքան ձգում այդտեղ հաստատված հայերին։ «Հայերը գերազանց առեւտրականներ էին, որոնց պատկանում էր Բոտոշանի այս ոլորտի մենաշնորհը մինչեւ 19-րդ դարի սկիզբը, երբ սկսում են մրցակցել հրեաների հետ եւ, ի վերջո, իրենց տեղը զիջում են նրանց», ասում է պատմաբան Գեորգե Մեդիանը։ Այս մրցակցության պատճառով փոխվեց նաեւ հայերի դերը, որոնք սկսեցին ապրել հողի վարձակալությունից ստացած գումարով։ Չափազանց հմուտ գործարարներն էին, որ կարողացան կառավարել տեղական բոյարների մեծ կալվածքները եւ դարձնել դրանք եկամտաբեր բիզնեսներ, իսկ Գոյլավները նրանց շարքում էին, ովքեր օգտվեցին այդ հնարավորությունից։

1832թ. մի վիճակագրություն նշում է, որ Բոտոշանի 43 հողի վարձակալներից 38-ը հայեր էին: «Գոյլավների ներգրավվածությունը այս նոր գործունեության դաշտում զարմանալի չէ, քանի որ նրանք Բոտոշանի այն հայերից էին, որոնք արագորեն հարմարվեցին նորագույն ժամանակաշրջանում ռումինական հասարակության մեջ տեղի ունեցած փոփոխություններին: Աշխատասեր, հաստատակամ, միշտ ժամանակի հետ քայլելով՝ Գոյլավներն օրինակ էին ինչպես իրենց ազգակիցների, այնպես էլ բոտոշանցիների համար, որոնց կողքին ապրում էին եւ կիսում նրանց ճակատագիրը», հավելում է Գեորգե Մեդիանը:

Գյուղատնտեսության ոլորտում հաջողված բիզնես կարողացավ ունենալ Կրիստեա Դավիդ Գոյլավը, որը շահեց Մոլդովայի իշխան Միհաիլ Ստուրզայի վստահությունը: Գոյլավն իր գործունեությունն սկսեց Քիշնեւում որպես մանր առեւտրական: Նա գումար հավաքեց եւ դարձավ Միհաիլ Ստուրզայի կալվածքի վարձակալը. այնքան հմուտ տնօրինեց կալվածքն ու այն դարձրեց շահութաբեր բիզնես, որ Մոլդովայի իշխանը նրան շնորհեց բոյարի աստիճան։ Ավելի կոնկրետ, 1845 թ. նրան շնորհեց Սերդարի` հեծելազորի պետի կոչում։ Բոյար Կրիստեա Գոյլավը Բալշից մի մեծ կալվածք է գնում՝ ավելի քան 3.200 ֆալչ (հին մոլդովական չափման միավոր, 1 ֆալչը` 14,322 քմ): Խոսքը Ռինգիլեշտի կալվածքի մասին է, որն այսօր Բոտոշանի նահանգի Սանտա Մարե կոմունայում է։ Դրա համար նա վճարեց շուրջ 60.000 գալբեն (ոսկի), մի հսկայական գումար, որն իրեն կարող էր թույլ տալ միայն Կրիստեա Գոյլավը։

Կալվածատեր դարձած փաստաբանները

Կրիստեա Գոյլավն այն մարդն է, որը կարողացավ դնել Ռինգիլեշտի կալվածքի հիմքերը, սակայն նրա որդիներն էին, որ այն պիտի դարձնեին միջպատերազմական ժամանակաշրջանի ռումինական գյուղատնտեսության զարդը: Առաջինը, որ պիտի այն կառավարեր հորից հետո, Ջորջե Գոյլավն էր: Նա սկսում է արդիականացնել կալվածքը, որը նրա վաղաժամ մահից հետո անցնում է փոքր եղբայրներին՝ Բոգդանին ու Ժանին։ «Կրիստեա Գոյլավի որդիները կրթված էին: Մասնագիտությամբ փաստաբաններ էին, բայց գյուղատնտեսության սիրահար: Դա ընտանեկան գործ էր, որն արդեն նրանց արյան մեջ էր։ Նրանք շատ հմուտ էին: Օտարերկրացիների հետ շփումների շնորհիվ նրանք Ռինգիլեշտում սկսեցին աննախադեպ արդիականացնել գյուղատնտեսությունը: Դա եզակի մի բան էր», ասում է Ֆլորին Սիմիոն Էգները:

Ժանը ավելի շատ զբաղվում էր գյուղատնտեսությամբ, իսկ Ջորջեն՝ անասնաբուծությամբ։ Այս երկուսն այն ժամանակվա համար մեծ ներդրումներ արեցին Ռինգիլեշտում։ Ավելի կոնկրետ, նրանք այդ ժամանակ գնեցին Եվրոպայի ամենաժամանակակից գյուղատնտեսական տեխնիկան, կարգի բերեցին ողջ կալվածքը, տնկեցին հարյուրավոր պտղատու ծառեր եւ աճեցրին հարյուրավոր ընտանի կենդանիներ։ «Կապիտալը ներդրվեց 20 հեկտար հողատարածքի վրա պտղատու ծառեր եւ խաղողի այգիներ աճեցնելու, գինեգործության, ինչպես նաեւ համակարգային փոփոխություններ կատարելու մեջ, որի արժեքը 300 հազար լեյ-ոսկի էր, ախոռներ շինեցին 500 եզ եւ 1000 խոզ աճեցնելու համար, ինչպես նաեւ գնվեց կատարելագործված գյուղատնտեսական տեխնիկա»,- նշում է Գեորգե Մեդիանը:

Ժանը ներդրում էր կատարել կարմիր ցորենի հատուկ տեսակի աճեցման գործում, որն աչքի էր ընկնում ալյուրի մեջ սպիտակուցի քանակով եւ յուրահատուկ քաղցրությամբ: 1913-1914 թվականների գյուղատնտեսական տարվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ռինգիլեշտում մշակվում էր 909 հա ցորեն, 409 հա գարի, 99 հա վարսակ եւ 456 հա եգիպտացորեն: Արտադրանքի մշակման համար բերվեցին առաջին տրակտորները եւ գյուղատնտեսական մեքենաները: Տնտեսական ցիկլը փակելու համար Գոյլավ եղբայրներն սկսեցին առաջին արտադրական ֆաբրիկաները կառուցել Ռինգիլեշտի կալվածքում։ «Նրանք ունեին ալյուրի, կարտոֆիլի օսլայի, գլյուկոզայի եւ դեքստրոզայի գործարան, ինչպես նաեւ բուսական յուղերի ամենաժամանակակից գործարաններից մեկը, այսինքն՝ արեւածաղկի, կանճրակի եւ կտավատի ձեթի։ Եվ այդ բոլորը՝ ժամանակակից տեխնիկայով», նշում է պատմաբան Ֆլորին Սիմիոն Էգները:

Միեւնույն ժամանակ, Գոյլավներն իրենց 7000 հեկտար անծայրածիր գյուղատնտեսական տարածքների վրա մտցրեցին վճարովի աշխատանքը, որը չտեսնված բան էր նախկին բոյարների միջնադարյան կալվածքներում։ «Գոյլավների կալվածքներում շուրջ 200 մշտական աշխատող կար՝ կազմված հիմնականում գյուղացիներից, ինչպես նաեւ 1000 սեզոնային աշխատող: Նրանք լավ էին վարձատրվում, որպեսզի լավ աշխատանք կատարեն: Դա այն ժամանակվա Ռումինիայի համար նորարարական գաղափար էր: Նրանք գործնականում գյուղատնտեսության մեջ վճարովի առաջին աշխատողներն էին», ասում է Էգները:

Հացահատիկային վագոններ դեպի Անգլիա եւ Գերմանիա. մրցանակներ ցուցահանդեսներում

19-րդ դարի վերջին ծախսված ողջ գումարների արդյունքում հաջորդ դարասկզբին Գոյլավների ջանքերը պտուղ տվեցին: «Նրանք նոր արտադրանքներով սկսեցին մասնակցել միջազգային սալոններին եւ մրցույթներին։ Գոյլավները Փարիզում ոսկե մեդալ նվաճեցին Եվրոպայի խոշորագույն գյուղատնտեսական սալոնի ընթացքում, բարձրորակ ալյուրի, ինչպես նաեւ լավագույն մաքուր ձեթի համար: Նրանք հայտնի եւ փնտրված դարձան», ասում է Ֆլորին Սիմիոն Էգները: Այսպես ստորագրվեց առաջին միջազգային պայմանագիրը: Գերմանական պետությունը 20-րդ դարի սկզբին՝ 1901 թ., պայմանագիր կնքեց Գոյլավների հետ։ Կալվածքում ստացվող  ցորենի ամբողջ քանակը պետք է ուղարկվեր Գերմանիա: Բոտոշանի երկաթուղային կայարանից միայն 1913 թ. Գերմանիա մեկնեց 167 վագոն ցորեն, 57 վագոն գարի, 19 վագոն վարսակ եւ 62 վագոն եգիպտացորեն: Նույն տարի կալվածքից ստացված շահույթը եղել է 83 հազար լեյ-ոսկի, որն այդ ժամանակ առասպելական գումար էր։

Գոյլավները, սակայն, պատրաստվում էին իրենց մեծ բիզնեսին: Լինելով Անտանտի կողմնակից սենատորներ Բոտոշանից՝ պատերազմի սկզբում՝ 1914թ., նրանք որոշեցին այլեւս ցորեն չուղարկել Գերմանիա, չնայած Ռումինիան չեզոք էր։ Ավելի կոնկրետ, նրանք մի խորամանկություն արեցին, որի արդյունքում ստացան եւ շահույթ, եւ քաղաքական բավարարվածություն։ «Գոյլավները գրեթե 14 տարի ցորեն էին ուղարկել Գերմանիա: Մեծ Բրիտանիայի կառավարությունը նույնպես ցանկանում էր ցորեն գնել Գոյլավներից դրա բարձր որակի ու քանակի համար: Անտանտի կողմնակից Գոյլավներն իրենց գերմանական ծագումով թագավոր Կարոլ Առաջինին չնեղացնելու համար ուղղակի անգլիացիներից ավելի բարձր գին պահանջեցին, քան գերմանացիներից, եւ ստացան ցանկալի շահույթը։ Պատերազմի ողջ ընթացքում անգլիացիներին ցորեն ուղարկեցին: Այդպես Ռումինիան մեծ համբավ ձեռք բերեց», ասում է Ֆլորին Էգները: Հետագա տարիներին կալվածքի եկամուտն ուղղակի պայթեց: 1914-1915թթ. գյուղատնտեսական տարում մաքուր շահույթը կազմեց 114.400 լեյ-ոսկի, իսկ 1915-1916թթ. գյուղատնտեսական տարում` 281.900 լեյ-ոսկի: Գոյլավները փաստացի ամենահարուստ կալվածատերերն էին Մոլդովայի շրջանում: Որպես դրա ապացույց, Բոտոշանի Միհաիլ Կոգալնիչեանուի փողոցի վրա դեռ այսօր կանգուն է Ժան Գոյլավի կառուցած շքեղ տունը։

Ռումինիայի պետությունը թաղեց հաջողակ կալվածատերերին

Գոյլավների փառքը երկար չտեւեց: Շուտով վրա հասավ սնանկացումը: Ոչ թե այն պատճառով, որ միջպատերազմական ժամանակահատվածում կենդանի մնացած միակ եղբայրը՝ Ժան Գոյլավը, սխալվել էր բիզնեսում: Ընդհակառակը, հայ համայնքի պատմաբաններն ասում են, որ նա ավելի ու ավելի էր հմտացել: Սակայն Գոյլավները մեծ վնաս կրեցին հետպատերազմյան պոպուլիստական բռնագրավումներից: Լիբերալները հողաբաժին էին խոստացել գյուղացիներին, եւ 1918-ից հետո մեծ կալվածքները բռնագրավվեցին: Ռինգիլեշտի Գոյլավները մի օր զարթնեցին առանց իրենց հողերի մեծ մասի: «1919 թ. կալվածքը բռնագրավվեց: Որպես սենատոր Ժան Գոյլավը բողոքեց բռնագրավման նախագծի դեմ, սակայն նրա գործողությունները չփոխեցին իրադարձությունների ընթացքը: Սոսկ 500 հեկտարի վերածված կալվածքից էլ ինչ կարելի էր սպասել»,- նշում է Գեորգե Մեդիանը: Իսկ 1945-ին՝ կոմունիստների ժամանման հետ միաժամանակ, Ռինգիլեշտում Գոյլավների ողջ ժառանգությունը ոտնատակ արվեց: Սոցիալիզմի մարտիկները ջանացին երկրի երեսից ջնջել նրանց մասին հիշողությունները։ Ռինգիլեշտի նրանց գեղեցիկ պալատը իր ողջ գույքով հողին հավասարեցվեց։ Վերջին Գոյլավները փախան արտասահման՝ մնալով միայն գյուղացիների հիշողություններում։ «Հայրս երբեք չմոռացավ բոյարներին։ Հենց Գոյլավները նրանց մարդ դարձրին»,- ասում է ռինգիլեշտցի Գիցը Ազոյկայը։ Միակ գոյատեւած կառույցը, թեեւ շատ վատ վիճակում, Բոտոշան քաղաքում Ժան Գոյլավի տունն է։ Իսկ ամենահայտնի Գոյլավները՝ Կրիստեան եւ Ժանը, թաղված են Բոտոշանի հայկական գերեզմանոցում։

Scroll Up