Ի Տեր հանգչեց մեծ հայագետ Գերհ. Հ. Անդրանիկ Ծ. Վրդ. Կռանյանը

«Մարդ, որի համար ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ գերագույն և բացարձակ արժեք է»

Սրտի կսկիծով տեղեկացնում ենք, որ այսօր` 2017թ. սեպտեմբերի 27-ին, Զմմառի վանքում վախճանվեց Զմմառյան միաբան, մեծ հայագետ, ծիսագետ, հրապարակախոս, լրագրող Գերհ. Հ. Անդրանիկ Ծ. Վրդ. Կռանյանը:

Հ. Անդրանիկ Ծ. Վրդ. Կռանյանը ծնվել է 1929թ. հունվարի 20-ին, Լիբանանում:

Հ. Անդրանիկը սկզբնական ուսումը ստացել է Հիսուսյան Հայրերի Բեյրութի Սբ. Գրիգոր Լուսավորիչ ճեմարանում: Ապա հաճախել է Զմմառի դպրեվանքը, որի հետո` Հռոմի Լևոնյան հայկական վարժարանը և Հիսուսյան հայրերի Գրիգորյան համալսարանը:

Կուսակրոն քահանա ձեռնադրվել է 1954-ին` դառնալով անդամ Զմմառի Պատրիարքական միաբանության:

1973-ից մինչև վերջերս խմբագրել է Հայ Կաթողիկե Պատրիարքարանի «Մասիս» շաբաթերթը, իսկ 1990-ից` Հայկազյան համալսարանի «Հայկազյան Հայագիտական հանդես»-ը:

Հ. Անդրանիկ Ծ. Վրդ. Կռանյանը Բեյրութի հայագիտական ամբիոններում և հատկապես՝ Հայկազյան Համալսարանում, դասավանդել է Գրաբար, Հայ մատենագրություն, Հայ երաժշտության պատմություն, Հայ Եկեղեցու պատմություն, Քասլիքի Մարոնի Անտոնյան Հայրերի Սուրբ Հոգի համալսարանում` Հայ Եկեղեցու ծիսագիտություն, 1988-2011թթ.:

Հեղինակել է հայերեն հետևյալ գրքերը.

«Գրաբար: Ինքնուսույց» գիրքը, 1967:

«Գործնական բառարան հայերեն լեզվի», 1970 :

«Հայերենի գործնական բառարան» հատընտիր Բ. հատոր, 1982:

«Գրաբար: Քերականություն և հրահանգ, ոճաբանություն», հատընտիր Բ. հատոր, 1984:

«Բառգիրք Հայերեն Լեզվի», 1998:

«Քերականություն հայկական լեզվի», 1998:

«Հուշե՛ր և Փուշեր», 1994-2014:

«Երիտասարդ հայ», 1968-1973:

«Անապահով օրեր» և «Արևելյան ծեսերի գոհարը» հատորները, 1999:

«Լուսարձակդ բա՛ց վրաս», գիրքը, 2000:

«Խոկամ», 2010:

«Հա Ծիսական Պաշտամունքը», 2001թ.:

Հայ Եկեղեցու պատմության վերաբերյալ «Խոսե՛ ինծի Հայ Եկեղեցու մասին» գիրքը, 2011:

«Սերմանեմ», 2013:

«Ողբամ և ծիծաղիմ», 2013:

«Խորհիմ: Խոհեր, մտորումներ», 2013:

«Գրեմ թե չգրեմ», 2014:

Հայր Անդրանիկ Ծ. վրդ. Կռանյանը հեղինակ է նաև վեց թատերախաղերի` «Միայն լուսնով կա հայոց փրկություն», Թատերախաղ 3 արար, 1997թ, Բեյրութ, «Պետք չունինք քեզի…», Վիեննա, 1988թ., «Մարզպանը» Թատերախաղ, 5 արար, Բեյրութ, 2015թ.:

Հայր Անդրանիկը գիտական, գրական զբաղվածությունից զատ նաևւ շատ սիրում էր աշխատել երիտասարդների հետ` նրանց մեջ սերմանելով հայրենասիրության և եկեղեցասիրության ոգին: Լիբանանում հիմնեց Հայ Կաթողիկե Պատանեկան միությունը, որն իր գործունեության մեջ ներդաշնակել է սկաուտական միությունների կարգապահությունն ու հոգևոր, հայրենասիրական մղումը:

Գերհարգելի Վարդապետը սրբակենցաղ նվիրյալ, հայրենասեր հոգևորական էր, ում աշխատասիրությունները կարևոր տեղ ունեն հայագիտության, հայ գրականության, բարոյագիտության, հայ եկեղեցագիտության և հայ լրագրության մեջ: Նրա գրիչը որքան էլ սուր էր, ազնիվ, աննահանջ, տեղին ու կոնկրետ, նույնքան էլ` զուսպ, լակոնիկ, շջահայաց և լի հոգեւոր, բարոյական ապրումով, լայնախոհությամբ և հենված` աղոթքի կյանքի վրա:

Աղոթե՜նք, որ Տերն իր սիրասուն գրկում հավիտենական հանգիստ պարգևի վաստակաշատ և աղոթասեր վարդապետին:

 

 

Scroll Up