Իրաքի և Սիրիայի հայերին կներկայացվի հայ դասական երաժշտությունը

Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակը Իրաքում և Սիրիայում կներկայացնի հայկական դասական երաժշտությունը, ինչը նաև կամրապնդի հայ-իրաքյան հարաբերությունները:
Սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասացին քառյակի անդամները:
«Հոկտեմբերի 8-12-ը Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կ. Գրիգորյանի հրավերով կմեկնենք Իրաքի մայրաքաղաք Բաղդադ: Այնուհետև կհյուընկալենք Սիրիայի մայաքաղաք Դամասկոսում: Կներկայացնենք հայ կոմպոզիտներներ Էդուարդ Միրզոյանի, Վարդ Մանուկյանի, ինչպես նաև ռուս կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործությունները: Հայ դասական երաժշտությունը կներկայացնենք ինչպես մեր հայրենակիցներին, այնպես էլ տեղացիներին»,-ասաց արտլար Վաչե Հովեյանը:
Նրա խոսքով՝ վերջին 17 տարիներին ոչ մի միջազգային խումբ չի գնացել Իրաք պատերազմական վիճակի պատճառով: Հաշվի առնելով հայ-իրաքյան և հայ-սիրիական դարավոր բարեկամությունը՝ քառյակը տվել է իր համաձայնությունը՝ հանդես գալ այդ երկրներում: «Սիրիան և Իրաքը 100 տարի առաջ մեզ՝ հայերիս ապրելու տեղ են հատկացրել:Մենք որոշեցինք լինել նաև պատերազմական գոտում ապրող մեր բազում հայրենակիցների կողքին»,-ասաց Հովեյանը:
Քառյակի անդամ Մերի Մարգարյանի խոսքով՝ Սիրիայում երկու համերգով հանդես են եկել մինչ պատերազմական գործողությունների սկիզբը: Եվ պատահական չէ, որ նման ռիսկի են դիմում: «Այնտեղ հայկական ջերմ համայնք կա, տեղացիների կողմից ևս ջերմ ընդունելության ենք արժանացել: Ուզում ենք հայկական երաժշտությունը հնչեցնել այնտեղ: Կարծում ենք՝ Իրաքի և Սիրիայի հայերը հայկական ազգային երաժշտությանը, մշակույթին կարոտ են»,-ասաց նա:
Համերգները կանցկացվեն Սիրիայի օպերային թատրոնի մեծ դահլիճում և Բաղդադի կամերային դահլիճում: Հանդիպումներ կլինեն նաև տեղի հայ համայնքի, մշակույթի նախարարությունների հետ: