«Քույր դպրոցներ» ծրագիրը՝ գործողության մեջ

Սփյուռքի և Հայաստանի դպրոցների միջև բարեկամության կամրջի հաստատման ՀՀ սփյուռքի նախարարության «Քույր դպրոցներ» ծրագիրը գնալով ավելի մեծ ճանաչում է գտնում, ամեն տարի Սփյուռքի և Հայաստանի նոր դպրոցներ են ցանկություն հայտնում հայապահպանության, հայեցի կրթության և դաստիարակության բնագավառում միասնաբար գործելու, միմյանց օգնելու և համագործակցելու:
«Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակներում 2017թ. նախատեսված էր համագործակցության հաստատում Երևան քաղաքի Ա. Սախարովի անվան հ.69 դպրոցի (տնօրեն՝ Մելյան Մարիանա) և Դոմոդեդովո քաղաքի Մ. Մաշտոցի անվան դպրոցի, Երևանի Սիամանթոյի անվան հ. 162 դպրոցի (տնօրեն` Պողոսյան Լիլիա) և Իսպանիայի «Արարատ» հայկական միության մեկօրյա կրթօջախի, Հովհաննես Պողոսյանի անվան հ. 82 դպրոցի (Լիլիթ Ասլանյան) և Շվեդիայի Ուպսալա քաղաքի մեկօրյա հայկական դպրոցի միջև:
Հուլիսի 27-ին հերթական հուշագրերը կնքվեցին դպրոցների միջև, հանդիսավոր արարողությունը կայացավ հ. 82 դպրոցում: Մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության աշխատակից Անահիտ Ղազարյանը, դպրոցների տնօրենները, ուսուցիչներ: Հուշագրերով հաստատված գործակցության շրջանակներում դպրոցները կիրականացնեն համատեղ ուսումնամեթոդական, կրթական մշակութային, ուսուցիչների վերապատրաստման, մայրենի լեզվի, հայրենագիտության ծրագրեր, միջոցառումներ, տեղեկատվության փոխանակում, փոխայցելություններ, կապահովեն մասնակցություն ՀՀ սփյուռքի նախարարության կրթական ծրագրերին:
Ելույթ ունեցողները նշեցին, որ համագործակցությամբ դպրոցների առջև նոր հնարավորություններ են բացվում ճանաչելու միմյանց, օգնելու լուծել մատաղ սերնդի մայրենիի ուսուցման, ազգային դաստիարակության խնդիրները, կազմակերպելու մանկավարժական փորձի փոխանակում, հեռավար կրթական ծրագրեր:
Քույրացված դպրոցների տնօրենները շնորհակալական խոսքեր ուղղեցին ՀՀ սփյուռքի նախարարությանը և քաղաքապետարանին` հայկական համայնքների կրթական խնդիրների լուծանն աջակցության ծրագրերի համար:
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը, շնորհավորելով դպրոցներին քույրացման գործընթացների մեկնարկի համար, հույս հայտնեց, որ մեծերի անունները կրող երևանյան և Մոսկվայում, Շվեդիայում և Իսպանիայում գործող հայկական մեկօրյա կրթօջախների միջև կապերի հաստատումն, անշուշտ, կնպաստի երկու դպրոցներում իրականացվող հայեցի կրթության և դաստիարակության գործի զարգացմանը: