Հայ մշակութի օրեր Շտուտգարտում

Շտուտգարտի 7-րդ «Հայ մշակութի օրեր» նախագծին այս տարի կանցկացվի հոկտեմբերի 26-ից 29-ը՝ «Մշակույթների հանդիպում և երկխոսություն» խորագրի ներքո:

Թեման պատահական չէ ընտրված. 2017-ը Ռեֆորմացիայի համար հոբելյանական տարի է (1517–2017), և նվիրված է Մարթին Լյութերի գործունեությանը:

Մեծ բարեփոխիչը գրական գերմաներենի հիմնադիրն է. առաջին անգամ նա է գերմաներեն թարգմանել Սուրբ Գիրքը: Հայ ժողովրդի համար գրեթե նույն նշանակությունն ունի վարդապետ Մեսրոպ Մաշտոցը, որը 5-րդ դարում ստեղծեց հայկական այբուբենը և հայերեն թարգմանեց Աստվածաշունչը:

Քրիստոնեության առանձնահատուկ դերը երկու երկների պատմության ու մշակույթի վրա մեր թեմայի հաջորդ զուգահեռն է: Հայաստանն առաջին պետությունն է, որ 301 թվականին ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, և այն, մինչ այսօր էլ, շարունակում է լինել երկրի մշակույթի անբաժան մասը: Ցայսօր եվրոպական մշակույթն էլ անմասն չէ քրիստոնեությունից:

Մաշտոցն ու Լյութերը մեծ բարեփոխիչներ և ազատամարտիկներ էին, պայքարում էին իրենց հայրենակիցների իրավունքների համար: Հետևաբար, մեր միջոցառումների արվեստագիտական և պատմական մտորումների կենտրոնում են լինելու այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ կոլեկտիվ ինքնությունը և քրիստոնեության հիմնային արժեքները՝ միասնությունը, ազատությունը և խաղաղությունը՝ արտացոլված գեղարվեստական ստեղծագործություններում:

Համերգները, գրքերի շնորհահանդեսները, ելույթները, դասախոսությունները, ցուցահանդեսներն ու անվանի արվեստագետների և գիտնականների հետ մասնագիտական հանդիպումները խոսելու են հայ և գերմանացի ժողովուրդների ընդհանրությունների ու տարբերությունների մասին: Տարբեր մշակույթների ներկայացուցիչների հանդիպումներն ու մշակութային փորձի փոխանակումը, կարծում ենք, երկուստեք կարևոր է:

«Հայ մշակույթի օրեր» փառատոնի ծրագիրը հասանելի է հասարակության լայն շերտերին, այն ուղղված է երկխոսության զարգացմանը, ինչպես նաև աշխարհի տարբեր վայրերում սփռված հայության ազգային և մշակութային ինքության պահպանմանն ու ամրապնդմանը: Եթե Մարթին Լյութերն ու Մեսրոպ Մաշտոցը մեր անցյալի ընդհանրական դեմքերն են, ապա մեր երեխաներն ու երիտասարդները միասնական ապագայի կերտողներն են: Մենք փորձում ենք կամուրջ գցել անցյալի և ներկայի միջև, հետևաբար՝ հատուկ ուշադրություն ենք դարձնում երիտասարդների փոխշփմանն ու մշակութային աջակցությանը:

Շտուտգարտի « Հայ մշակութի օրերն» իրականություն չէին դառնա առանց Շտուտգարտի քաղաքապետարանի, Բադեն–Վյուրթեմբերգ երկրամասի, Հայաստանի սփյուռքի նախարարության և բազմաթիվ բարերարների ֆինանսական աջակցության, ինչպես նաև՝ առանց մեր պատվո անդամների նվիրված աշխատանքի: Այդ օգնությունը թույլ է տալիս միջոցառումներն ավելի մատչելի դարձնել ավելի լայն շրջանակաների, ինչը մեզ հնարավորություն է տալիս ներկայացնելու, թե որքան արժեքավոր է հայկական համայնքի գործունեությունը Գերմանիայում:
Մենք անչափ շնորհակալ ենք բոլոր վերը նշված անձանց:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս, Բադեն–Վյուրթեմբերգի Հայ համայնքը նախատեսում է Շտուտգարտի բազմաթիվ մշակութային գործիչների և գործընկերների մասնակցությունը փառատոնին: Նրանց ևս սրտանց շնորհակալություն ենք հայտնում: Ուրախ կլինենք Ձեզ տեսնել մեր հյուրերի շարքում և անձամբ ողջունել։

Ցանկանում ենք բոլորին հաճելի ժամանց:

Սիրով Ձեր՝ Տիրատուր քհն Սարդարյան
Եւ Բադեն–Վյուրթեմբերգի Հայ Համայնք

Scroll Up