Լիսբոնի հինգ անձնազոհ մարտիկների հիշատակին նվիրված ֆուտբոլի խաղեր` Նոր Ջուղայում

Օգոստոսի 5-ին նախաձեռնությամբ Նոր Ջուղայի ՀՄՄ (Հայ մարմնամարզական միություն) «Արարատ» միության Սկաուտական միավորի Գերագույն մարմնի և կազմակերպությամբ սկաուտներից կազմված գործադիր հանձնախմբի նույն միության մարզասրահում տեղի ունեցավ Լիսբոնի հինգ մարտիկներին նվիրված ֆուտբոլի մրցաշարի բացման հանդիսությունը:
Երեկոն սկսվեց դրոշակի արարողությամբ, որից հետո ներկաները մեկ րոպե հոտնկայս լռությամբ հարգեցին հինգ մարտիկների հիշատակը: Հաջորդիվ հանդիսատեսին ողջունեց և բացման խոսքով հանդես եկավ սկաուտ Վանիա Պետրոսյանը, ապա Գերագույն մարմնի խոսքն ընթերցեց Թանգիկ Միրզախանյանը, որից հետո տեղի ունեցավ «Արարատ» և «Գանձասար» խմբերի միջև մրցախաղը:
Երեկոն իրենց ներկայությամբ պատվել էին Հայ դատի հանձնախմբի, Թեմական խորհրդի և «Արարատ» միության Կենտրոնական վարչության ներկայացուցիչները և հինգ մարտիկների հիշատակը հարգող այլ հայորդիներ: Հիշեցնենք, որ այս մրցաշարը ամենամյա կարգով տեղի է ունենում Նոր Ջուղայում, որին մասնակցում են համայնքի երիտասարդներից կազմված ֆուտբոլի սիրողական խմբեր: Հինգ օր տևողությամբ խաղերին մասնակցեցին «Արարատ», «Սարդարապատ», «Գանձասար», «Գետաշեն» և «Վիշապ» խմբերը: Խաղերի փակումը տեղի ունեցավ չորեքշաբթի` օգոստոսի 9-ին:
Մրցաշարի մասնակիցներին գնահատելու և արժևորելու նպատակով ուրբաթ` օգոստոսի 11-ին, Նավասարդի տոնի առիթով կազմակերպված հանդիսության ընթացքում շնորհակալագրեր հանձնվեցին մասնակից մրցավարներին, իսկ առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած «Սարդարապատ» և «Արարատ» խմբերին հանձնվեցին գնահատագրեր և հուշանվերներ: Գնահատագրերը և հուշանվերները հանձնեցին միության Կենտրոնական վարչության նախագահ Մասիս Մինասյանը, Սկաուտական միավորի գերագույն մարմնի անդամ Թանգիկ Միրզախանյանն ու կազմակերպիչ հանձնախմբի նախագահ Սեպուհ Վարդանյանը:
Մրցաշարի կազմակերպման գործում իրենց համագործակցությունն էին բերել միության Ֆուտբոլի հանձնախումբը, իսկ մրցավարությունը անշահախնդրորեն ստանձնել էին Մելքոն Քեշիշյանը, Կարո Շահբազյանը և Էդմոնդ Բաղդասարյանը: Մրցաշարի կազմակերպիչ հանձնախումբը նորկայացնում էին Սեպուհ Վարդանյանը, Մասիս Սիրջանյանը, Նարեգա Սիմոնյանը, Շանթ Մելքոմյանը, Ռուբեն Խոսորովյանը և Լուսին Հովսեփյանը: Գերագույն մարմնի և հանձնախմբի կապ էր նշանակված Թանգիկ Միրզախանյանը:
Հարգանք ու պատիվ Լիսբոնի հինգ մարտիկներ Վաչե Դաղլյանին, Արա Քերջլյանին, Սիմոն Յահընյանին, Սեդրակ Աճեմյանին և Սարգիս Աբրահամյանին, ովքեր 1983 թվականին անձնազոհական ակտով Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում Թուրքիայի դեսպանատան 3-ժամյա գրավումից հետո պայթեցրեցին այն և ողջակեզ դարձան փլատակների տակ` աշխարհին պատգամելով Հայ դատի արդար լուծման պահանջատիրությունը:
Նոր Ջուղայի ՀՄՄ «Արարատ»միության թղթակից` Երանուշ Թահմազյան.
Լուսանկարները` հեղինակի