«Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հովանավորությամբ Հայաստանի եւ Արցախի դպրոցականների ամառային հանգիստը Հանքավանում

«Աջակցություն հայ դպրոցին» ծրագրի շրջանակում «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հովանավորությամբ Հայաստանի եւ Արցախի Վ.Թեքեյան դպրոցների 10-14 տարեկան թվով 67 աշակերտներ իրենց ամառային հանգիստն անցկացրին Հանքավանի «Արագած» ճամբարում:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «Թեքեյան կենտրոն» հիմնադրամից, ճամբարի ծրագիրը շարունակական բնույթ է կրում եւ արդեն ութերորդ տարին է իրականացվում՝ նպաստելով մեր երկրի տարբեր անկյուններում բնակվող երեխաների մերձեցմանը, նրանց մտավոր, ֆիզիկական, անհատական զարգացմանը: Առայսօր ճամբարի ծրագիրն ընդգրկել է 545 մասնակից, եւ այս տարի եւս ծրագրի շահառու են դարձել մասնավորապես գերազանց առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով եւ բազմազավակ ընտանիքների երեխաներ Երեւանից, Գյումրիից, Ստեփանավանից, Կարբիից եւ Բերձորից:
Հանքավանի հրաշալի բնության գրկում գտնվող ճամբարը մեծ սիրով ու ջերմությամբ հյուրընկալեց եւ համախմբեց թեքեյանցիներին, որոնք «Արագածում» ապրեցին ճամբարային կյանքի հետաքրքիր ռեժիմով` առավոտյան շեփորի կանչ, լիցքային վարժություններ, տողաններ ու շքերթներ: Թեքեյանցի մանկավարժների եւ ճամբարի ջոկատավարների համատեղ աշխատանքի շնորհիվ երեխաների առօրյան հագեցած էր ինտելեկտուալ, մարզական, մշակութային միջոցառումներով:
Մեծ խանդավառությամբ երեխաները մասնակցեցին ուսուցանող խաղերին, գիտակների մրցույթին, դաստիարակչական տարբեր թեմաներով զրույց-բանավեճերին, սպորտային խաղերին, արշավներին, սովորեցին ժողովրդական երգեր ու պարեր: Մրցութային միջոցռումների լավագույն մասնակիցները պարգեւատրվեցին գավաթներով ու շնորհակալագրերով: Կազմակերպվեցին «Բանակի օր», «Արցախի օր», «Ազգային երգի, պարի օր» միջոցառումները, որոնցում ակնառու էր հայ դպրոցականի ազգային ոգին, հաղթանակի ցանկությունը:
Հանգստի վերջին օրը վառվեց հրաժեշտի ավանդական խարույկը: Բաժանումը հուզիչ էր` լի արցունքներով եւ ջերմ խոսքերով: Դժվար էր հեռանալ մտերիմ ընկերներից, հարազատ դարձած «Արագածից», որն իրենց պարգեւեց անկրկնելի հանգիստ, անմոռանալի տպավորություններ ու նոր գիտելիքներ: Թեքեյանցիները հրաժեշտ տվեցին ճամբարին կրկին վերադառնալու ակնկալիքով: