Երաժշտական ճամբար. հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորներն ու կատարողները կհանդիպեն Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միությունը` ս. թ. օգոստոսի 15-26-ը, Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը կանցկացնի հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների երաժշտական ճամբար: Միջոցառումն անցկացվում է հայ-վրացական մշակութային համագործակցության շրջանակներում:
Երաժշտական ճամբարի նպատակն է ստեղծել մեկ միասնական հարթակ՝ երկու երկրների երիտասարդ արվեստագետների միջև փորձի փոխանակման, մշակութային կապերի ամրապնդման, ինչպես նաև հետագա համատեղ նախագծերի մշակման համար:
Երաժշտական Հայաստանից և Վրաստանից կմասնակցեն 40 կոմպոզիտորներ և կատարողներ:
12 օրերի ընթացքում մանսակիցների համար կկազմակերպվեն հանդիպումներ և վարպետության դասեր` հայաստանաբնակ և սփյուռքում ապրող անվանի հայ կոմպոզիտորների, կատարողների, արվեստի և մշակույթի վաստակավոր գործիչների հետ: Նախագծի շրջանակում տեղի կունենա նաև հանդիպում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ:
Հայ և վրացի արվեստագետների համար կկազմակերպվի էքսկուրսիա դեպի Հաղարծին և Գոշավանք, իսկ ճամբարի ավարտից հետո՝ այցելություն Երևանի թանգարաններ:
Ճամբարը կեզրափակվի 12-օրյա աշխատանքի ամփոփմամբ և գալա համերգով, որը տեղի կունենա Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճում: Մեծ խարույկը կազդարարի ճամբարի ավարտը:

Scroll Up