Ֆրանսահայ Փալաջյաններն աջակցեցին Ստեփանակերտում ապրող 120 միայնակ տարեցների և հաշմանդամների

Ֆրանսիահայ բարերարներ Պողոս և Մարիզա Փալաջյաններն Ստեփանակերտում ապրող 120 միայնակ տարեցների և հաշմանդամների աջակցություն են ցուցաբերել:

«Արցախպրես»-ի հետ զրույցում ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տնային պամաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնի տնօրեն Արեգա Ադամյանի խոսքով՝ ֆրանսահայ բարերարները նշված բոլոր քաղաքացիներին սննդամթերքից կազմված կապոցներ են բաժանել:

«Հաճախ ենք Արցախ այցելում: Այս նախաձեռնության գաղափարը ծագել է, երբ հանդիպել ենք Ստեփանակերտում գործող տուն-ինտերնատի տնօրենի հետ»,- ասել են բարերարները՝ ավելացնելով, որ այն շարունակական է լինելու:

Իսկ ծրագրի հաշվառուներից 90-ամյա Աշխեն Մինասյանը նշել է, որ այն կարևոր աջակցություն է, քանի որ ամենամսյա թոշակով կատարում են կոմունալ վճարումները, իսկ այս օգնությունը կրճատում է ծախսերը:

Նշենք, որ ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տնային պամաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնը խնամում է 180 միայնակ տարեցի և հաշմանդամի: Կենտրոնի տնօրեն Արեգա Ադամյանի խոսքով՝ Ստեփանակերտում և հանրապետության շրջաններում խնամքն իրականացվում է 19 սոցաշխատողի կողմից:

Ըստ գործող կարգի՝ ծրագրում կարող են ընդգրկվել միայնակ 63 տարին լրացած տարեցները և առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամության կարգ ունեցողները: Արեգա Ադամյանը նշեց, որ սպասարկման մեջ մտնում է առաջին բժշկական օգնությունը, կոմունալ ծառայությունների վճարումը և անհրաժեշտ գնումները շուկայից ու դեղատնից: 180 միայնակներից 120-ը բնակվում է Ստեփանակերտում: Շրջաններում կա մեկական սոցաշխատող. նրանք սահմանված գրաֆիկի համաձայն շաբաթը երեք-չորս անգամ կախված հաշվառուների կարիքներից և պահանջներից կատարում են այցելություններ: Տարեցները նաև ստանում են պարեն և մթերք:

Scroll Up