Ծնվել է ապրիլյան պատերազմում զոհված հերոս Ազատ Սիմոնյանի եղբայրը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/08/1502087038-7645.jpeg)
Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայող Ազատ Սիմոնյանի եղբոր՝ Արթուր Սիմոնյանի ծնվելու լուրն անտարբեր չի թողել ոչ ոքի:
Yerkir.am-ի հետ զրույցում Ազատի քույրը՝ Հռիփսիմեն պատմեց, որ երեկ գիշեր հիվանդանոց են այցելել ապրիլյան պատերազմում զոհված այլ զինծառայողների ծնողներ՝ իրենց ընտանիքի հետ կիսելու ուրախությունը:
«Զոհված տանկիստ Նորիկ Գասպարյանի մայրն իմացել էր, որ Ազատին եղբայր է ծնվել՝ միանգամից եկել էին հիվանդանոց, մենք իրենց չէինք ճանաչում, հաճելի էր իրենց այցը, ծանոթ-անծանոթ եկել էին մեզ շնորհավորելու»,-ասաց Հռիփսիմեն:
Նշենք, որ Ազատ Սիմոնյանը երկու քույր ուներ: Արթուրը ծնվել է մյուս քրոջ՝ Ջեմմայի ծննդյան օրը:
«Չէնք համակերպվում, որ մնացել էինք երկու քուրիկով, Ազատը մեր հանդեպ շատ ուշադիր էր, հիմի էլ մենք պետք է ուշադիր լինենք Արթուրի հանդեպ, մինչև իրեն մեծացնենք»,-ասաց նա: Մեզ հետ զրույցում Ազատի հայրը հայտնեց, որ նորածին որդին նման է Ազատին, իսկ երեխայի անունն ընտրել են քույրերը:
«Մի բան կփոխի երևի երեխան, Ազատն իր տեղն ուներ, Արթուրն էլ իր տեղը կունենա, ինչ-որ բան կփոխվի երևի…»,-ասաց Ազատի հայրը՝ Քաջիկ Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմի հերոս, ժամկետային զինծառայող Ազատ Սիմոնյանը Կոտայքի մարզի Կամարիս գյուղից էր: