Պատարագ Իզմիրում՝ 95 տարվա ընդմիջումից հետո

Իզմիրի հայերը 95 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ օգոստոսի 14-ին պատարագ են կազմակերպելու:
Այս մասին հայտնում է «Ակօս» պարբերականը:
Սուրբ Աստվածածնի պատարագը տեղի է ունենալու Իզմիրի Սուրբ Հովհաննես տաճարում: Պատարագը անց է կացնելու Ստամբուլի Սուրբ Հովհան Ոսկեբերան հայկական կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդ արքեպիսկոպոս Վարթան Կազանչիանը:
Պատարագին մասնակցելու են Սուբ Հովհան Ոսկեբերան հայկական կաթոլիկ եկեղեցու երգչախումբը, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչներ:
Այս պատարագը առաջինն է 95 տարի առաջ` 1922 թվականի սեպտեմբերի 13-ին սկսված և 4 օր տևած «Զմյուռնիայի մեծ հրդեհից» հետո:
Զմյուռնիան` ներկայիս Իզմիրը, հրդեհել էին թուրքական զորքերը քաղաքը զավթելուց 4 օր անց: