«Հաջողությունը ժամանակ է պահանջում». սիրիահայ հայրենադարձ եղբայրներ
#3խորհուրդսիրիահայից ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք «Հայերն այսօր»-ի հարցազրույցը «Nuggets Sandwich» ռեստորանի համատնօրեններ Վահե և Հրաչ Պողոսյանների հետ:
– Մինչ այս ռեստորանը բացելը, ինչո՞վ էիք զբաղվում:
– Մենք Սիրիայում արդեն իսկ այս գործով էինք զբաղվում, «Amigo» անունով ռեստորան ունեինք: Սա մեր երրորդ փորձն էր Հայաստանում բիզնես հիմնելու: Առաջին անգամ փորձեցինք Սայաթ Նովա փողոցի վրա մի ռեստորան բացել, բայց որոշ խնդիրների առջև կանգնեցինք: Ակնկալում էինք, որ ավելի հեշտ կլինի, բայց այդպես չեղավ: Մենք գիտակցում ենք, որ հաջող բիզնեսի համար տարիներ են պետք, և միանգամից հաջողության հնարավոր չէ հասնել, հատկապես, որ քաղաքը փոքր է, իսկ սննդի կետերը շատ: Հաջողությունը ժամանակ է պահանջում:
– Ինչպե՞ս բացեցիք այս ռեստորանը:
– Բավականին երկար ժամանակ մենք տարածք էինք փնտրում բիզնես հիմնելու համար և վերջապես գտանք: Մեզ դրկից շուրջ 15 սննդի կետ կա, բայց որոշեցինք փորձել:
– Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր նույնպես ցանկանում են Հայաստանում բիզնես հիմնել:
– Առաջինը, որն ամենակարևորն է, պետք է հաճախորդին ժպտացող դեմքով մոտենալ և ասել՝ բարով եկար: Երկրորդը՝ առատաձեռն լինելն է, երրորդը՝ որակը չփոխելը: Մենք Երևանում գործող սննդի այն հաստատություններից ենք, որտեղ սննդի որակը միայն բարձրանում է: Երբեք ավելի էժան միս չենք գնում, ավելի քիչ պանիր չենք դնում: Մեր որակը միշտ հաստատուն է:
– Ռեստորանում ի՞նչ կերակրատեսակներ եք մատուցում, և որն է Ձեր ամենահամեղ ուտեստը:
– Իրականում հաճախորդները շատ տարբեր նախասիրություններ ունեն: Կան մարդիկ, ովքեր գալիս են «Bomb» սենդվիչի համար, կան մարդիկ, ովքեր սիրում են մեր «Ֆաթայերը», որին մենք խաչապուրի ենք անվանում՝ սիրիական խաչապուրի: Մենք հատուկ սոուս ունենք՝«Garlic sauce»-ը, որը մարդիկ շատ են սիրում: Մեր հաճախորդները հաճախ զարմանում են, թե ինչպես է, որ 7 ամսվա ընթացքում մեր որակը ընդհանրապես չի փոխվել:
– Իսկ ի՞նչն եք ամենաշատը սիրել Հայաստանում:
– Այստեղ բոլորը հայեր են, լեզուն հայերենն է: Մենք այլևս չենք անհանգստանում, որ մեր երեխաները օտարների հետ կամուսնանան: Այդ մի խրատը պակաս եմ տալու նրանց: Բացի այդ, քաղաքը մաքուր և ապահով է: Չենք անհանգստանում մեր երեխաների համար, երբ դրսում են:
Լաուրա Սամվելյան