Իտալաբնակ քանդակագործ Միքայել Օհանջանյանի «Հավասարակշռություններ» ցուցահանդեսը բացվեց Բեռլինի InteriorDAsein/Berlin ցուցասրահում

Նոյեմբերի 29-ին Բեռլինի InteriorDAsein/Berlin ցուցասրահում բացվեց իտալաբնակ քանդակագործ Միքայել Օհանջանյանի “EQUILIBRI” ցուցահանդեսը, ինչը թարգմանաբար նշանակում է «Հավասարակշռություններ»։ Ցուցահանդեսի բացումը համընկավ InteriorDAsein-ի հնգամյակի հետ։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ցուցասրահի տնօրեն, հայտնի նկարիչ Արչի Գալենցը, սա թվով 6-րդ անհատական ցուցահանդեսն է, որ բացվում է ցուցասրահում։

«Ես շատ ուրախ եմ, որ վերջապես հաջողվեց կազմակերպել Միքայելի ցուցահանդեսը, քանի որ շատ բարձր եմ գնահատում նրա արվեստը»,- ասաց Արչի Գալենցը։

Վերջին 13 տարիները Ֆլորենցիայում ապրող ու ստեղծագործող հայ արվեստագետի համար ճակատագրական եղավ 1998 թվականի Ռավեննայի քանդակի բիենալեն, ուր նա արժանացավ 3-րդ մրցանակին։ Այնուհետեւ մտահորիզոնը ընդլայնելու եւ նոր մշակույթների հետ առնչվելու, գիտելիքները ավելացնելու միտումով նա մեկնեց Ֆլորենցիա, ուր սովորեց Գեղեցիկ արվեստների ակադեմիայում եւ ավարտեց 2005 թվականին։ 2010-ին մասնակցեց Վենետիկի Ճարտարապետական բիենալեին՝ 15 ճարտարապետների հետ մասնակցելով Հայաստանի տաղավարի ներկայացմանը եւ արժանացավ Գրան Պրի մրցանակի, իսկ 2011-ին մասնակցեց Վենետիկի Արվեստի բիենալեին։

Լինելով ֆիգուրատիվ դպրոցի ներկայացուցիչ՝ Միքայելը Բեռլինում ներկայացրել է քառակուսիներից կազմված մի շարք, որով փորձել է ստեղծել մի իրականություն, որպեսզի դիտողին ներքաշի այդ իրականության մեջ։ Ցուցահանդեսում ներկայացված են 12 քանդակներ եւ 4 գծանկար։ Ներկայացված քանդակներից երկուսը ունեն ուրբանիստական նշանակություն եւ կարող են վերածվել քաղաքային հուշարձանի։ Դրանցից մեկը նվիրված է Հայոց ցեղասպանության 100 ամյակին։

Orer.eu

Scroll Up