Երևանի և Ստամբուլի Հրանտ Դինքի անվան վարժարանների բարեկամության սկիզբը

Հայաստանում ունեցած ամենաջերմ ու հիշարժան հանդիպումն անկասկած տեղի ունեցավ Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 դպրոցում։ Հորոզօղլուների նախաձեռնությամբ կապ հաստատվեց դպրոցի տնօրենուհու՝ Մարինա Տոնոյանի հետ: Նա ասաց, որ մեծ անհամբերությամբ սպասելու է հանդիպման, քանի որ դեռ վաղուց փնտրել է Ստամբուլի Հրանտ Դինք վարժարանի ներկայացուցիչներին։ Եվ վերջապես հունիսի 17-ին՝ շաբաթ օրը, տեղի ունեցավ երկար սպասված հանդիպումը։

Հարկ է նշել իրենց ջերմ ու խանդավառ դիմավորումը։ Դպրոցի ուսուցչական կազմը՝ տնօրենուհու գլխավորությամբ, դպրոցի մուտքի առջև գեղեցիկ տողան էին կազմակերպել․ աշակերտների դեմքերը զարդարված էին ամենաանկեղծ ու հյուրընկալ ժպիտներով, իսկ ձեռքներին ավանդական աղ ու հացն էր։

Տնօրենուհի տիկին Տոնոյանը պատմեց դպրոցի հիմնադրման պատմությունը, անցած արգասաբեր ճանապարհը, հաստատեց Ստամբուլում և Փարիզում գտնվող Հրանտ Դինք վարժարանների հետ սերտ ու ջերմ կապեր հաստատելու ցանկությունը։ Աշակերտները գերազանց ներկայացում մատուցեցին ազգային երգ ու պարով, ասմունքով, ողջույնի և բարեմաղթանքի խոսքերով։ Հանդեսի մաս կազմեց նաև դպրոցի անվանափոխության պատմության ներկայացումը՝ տեսանյութերի միջոցով։

Միջոցառման ավարտին ՍտամբուլիՀրանտ Դինք վարժարանի փոխտնօրեն Դավիթ Խաչատրյանն իր խոսքում խորին շնորհակալություն հայտնեց նման հրաշալի ընդունելության համար, հաստատեց Երևանի և Ստամբուլի Հրանտ Դինքի անվան դպրոցների զարմանալի ընդհանրությունները՝ հյուրընկալություն, մեծագույն ջանասիրություն, կրթական գործին հսկայական նվիրածություն։

Դալար Հորոզօղլուն ևս շնորհակալություն հայտնեց նմանօրինակ ընդունելության համար, պատմեց Ստամբուլի Հրանտ Դինք վարժարանի հիմնադրման պատմությունը, դրա գոյատևման դժվարությունների մասին։ Նա իր խոսքում անդրադարձավ Պոլսի հայության աջակցությանը, պոլսահայ դպրոցների բարեկամությանը և ջերմ հարաբերություններին։ Նա ևս համաձայնեց, որ Երևանի Հրանտ Դինքի անվան դպրոցը հարազատ միջավայր է այլևս, և մեծ սիրով նորից կայցելեն։

Պարոն Հարություն Հորոզօղլուն նշեց, որ անչափ հուզված ու զգացված է, բառեր չի գտնում արտահայտելու իր զգացմունքները նման ընդունելությունից հետո։ Նա ներկայացրեց Ստամբուլի Հրանտ Դինք վարժարանի գաղափարախոսության կարևորագույն շերտերը և աշակերտներին դեպի Հայաստան մղելը։

Ջերմ  զրույցի ընթացքում բարեկամությունն էլ ավելի ամրացավ, հաստատեցվեց համագործակցությունը խորացնելու ու շարունակելու անկեղծ ցանկությունը։

Արդեն պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ դպրոցի պարի ուսուցիչը, ում ջանքերով աշակերտերը գերազանց պարային համար էին ներկայացրել միջոցառման ընթացքում, պիտի դեկտեմբերին այցելի Ստամբուլ և շուրջ մեկ ամիս Հրանտ Դինք վարժարանի երեխաներին ազգային պար սովորեցնի։

Միաժամանակ Հորոզօղլուները խոստացան ֆինանսավորել դպրոցի մեկ աշակերտի՝ ԹՈՒՄՈ կենտրոնի ամառային ճամբարի մասնակցությունը։

Մեծ դժվարությամբ բաժանվեցինք մեր հարազատ դարձած դպրոցից՝ թե՛ մենք, թե՛ աշակերտները փոխանակվեցին տվյալներով, որպեսզի մեր բարեկամությունը երբեք չընդհատվի։

Լիլիթ Պողոսյան

Աղբյուրը՝ «Հայերն այսօր»

 

Scroll Up