«Հայաստանը մեր երկրորդ տունն է». հնդիկ ուսանողներ (տեսանյութ)

Հայաստանում վերջին տարիներին բավականին շատ են հնդիկ ուսանողները, ովքեր գալով Հայաստան` ոչ միայն ընդունվում և ուսանում են ԵՊԲՀ-ում, այլ նաև սովորում են հայերեն:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ Աշոկ Սելվարաջան ու Մանջունաթ Բհեմպրաշատն արդեն 6 տարի է՝ ապրում են Հայաստանում, խոստովանում են՝ սկզբում հեշտ չի եղել, բայց հիմա արդեն հարմարվել են այնքան, որ կարողանում են շատ վարժ խոսել և հաղորդակցվել տեղացիների հետ: Աշոկը շատ է սիրում հայկական խոհանոցը, մասնավորապես՝ հայկական խորովածը: Նրանք նաև տեղյակ են Հայաստանի պատմությանն ու գիտեն Հայոց ցեղասպանության մասին և կարծում են, որ այն պետք է ճանաչվի Թուրքիայի կողմից:
Կիրթի Կատարիան 2 տարի է, ինչ ապրում է Հայաստանում, բայց արդեն կարողանում է գրել, կարդալ և փոքր ինչ խոսել: Կիրթին սիրում է երգել և համալսարանի երգչախմբի անդամ է: Սիրում է հայերեն երգերը, մասնավորապես՝ Լիլիթ Հովհաննիսյանի: Նրանք երեքն էլ Հայաստանը համարում են իրենց երկրորդ տունը և ասում են՝ տարիներ հետո, երբ ավարտեն ու գնան Հայաստանից, անպայման կվերադառնան, որ իրենց ընտանիքներին և երեխաներին ծանոթացնեն Հայաստանի հետ:
Արփի Պետրոսյան
Լուսանկարները՝ Մայա Ավետիսյանի
Տեսանյութը՝ Անի Հարությունյանի