«ՉինաՀԱՅ» լրագիրը պատմում է Չինաստանում բնակվող հայերի մասին, ներկայացնում է նրանց առօրյան, պատմությունը։ Այն տպագրվում է Չինաստանի հայկական համայնքի կողմից, և Հեռավոր Արևելքում հայկական միակ լրագիրն է, որը լույս է տեսնում հայերեն և անգլերեն լեզուներով։
Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանն ԱՄՆ-ի լավագույն բուհերից մեկն է, որտեղ գործում են Գրիգոր Նարեկացու անվան հայագիտական և հայ ժողովրդի ժամանակակից պատմության ամբիոնները։
Ըստ ձեռք բերված պայմանավորվածության` Չինաստանի հայկական համայնքի «ՉինաՀԱՅ» լրագիրն այսուհետ հասանելի է նաև Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի գրադարանում։ Այն հնարավորություն է ընձեռնում Չինաստանի հայկական համայնքով հետաքրքրվող գիտնականներին և հետազոտողներին ծանոթանալ համայնքի պատմությանն ու անցուդարձին նաև ԱՄՆ-ում։
Այս յուրահատուկ համագործակցության վերաբերյալ Լոս Անջելեսի կալիֆոռրնյան համալսարանի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի բաժնի գրադարանավար Դավիդ Հիրշչը նշել է․ «Ես ուրախությամբ պետք է հայտնեմ, որ «ՉինաՀԱՅ» լրագրի հայերեն և անգլերեն լեզուներով տպագրված համարներն արդեն արձանագրված են Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի Չարլզ Ե․ Յոունգ գրադարանում, որն ունի 12.000.000 գրքերից և նյութերից բաղկացած հավաքածու, որից 25.000-ը հայերեն լեզվով գրքեր ու ամսագրեր են։ Լրագիրն արդեն հասանելի է Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի գիտնականների և ուսանողների համար»։
«ՉինաՀԱՅ» լրագրի գլխավոր խմբագիր Անահիտ Պարզյանն իր հերթին նշեց․ «Մեր լրագրի նպատակն է հանրությանը ներկայացնել Չինաստանի Հայկական համայնքի նորագույն պատմությունը։ Ուրախալի է այն հանգամանքը, որ ԱՄՆ-ում գործող նման հեղինակավոր համալսարանի գրադարանում այսուհետ հնարավոր կլինի կարդալ լրագիրն ու ուսումնասիրություններ կատարել Չինաստանի հայկական համայնքի վերաբերյալ։ Այս հանգամանքն ամբողջովին համապատասխանում է «ՉինաՀԱՅ» լրագրի հիմնական նպատակի հետ»։