Ջավախքում վերաօծվեց Լոմատուրցխի «Սուրբ փրկիչ» եկեղեցին

Ջավախքում հունիսի 11-ին վերաօծվել է Լոմատուրցխի «Սուրբ փրկիչ» եկեղեցին։

Այս մասին տեղեկացնում են Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից՝ հավելելով. «Հունիսի 11-ին տոնական հմայք էր ստացել ընդամենը 350 բնակիչ ունեցող, Թրիալեթի հարավային փեշերին ծվարած Ախալքալաքի շրջանի Լոմատուրցխ գյուղը: Գյուղի բնակիչները՝ մեծից փոքր, գյուղից մեկնած զավակներն իրենց ընտանիքներով, ընկեր-բարեկամներով ժամանել էին մասնակցելու իր առաջին օծումից 111 տարի անց գյուղի վերակառուցված Սուրբ Փրկիչ եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությանը:

Խորհրդային Միության տարիներին իր գործառույթները կորցրած հինավուրց եկեղեցին, որը վերածվել էր կոլտնտեսության պահեստի, հարսանյաց և հոգեհացի արարողությունների սրահի, շուտով մատնվեց անուշադրության:

Գյուղի արժանավոր զավակներ Սեդրակ և Արթուր Խաչատրյաններն իրենց մանկությունն անց էին կացրել եկեղեցու բակում և ականջալուր էին ծնողներ Վարդի և Նունուֆարի կողմից հաճախ հնչող ափսոսանքի խոսքերին՝ փլուզվող եկեղեցու մասին: Եվ ահա 2016 թվականին եղբայրները որոշում են վերականգնել աղոթազուրկ և անխնամ մնացած եկեղեցին ու համագյուղացիներին ընձեռել Աստծով ապրելու, աղոթքով գործելու, Ամենազորի օրհնությամբ ամուսնությունը կնքելու, Սուրբ մյուռոնով մկրտվելու հնարավորություն»։

Scroll Up