Հունիսմեկյան տոնական միջոցառում՝ Օդեսայի հայկական համայնքում

Հունիսի 1-ը՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը,  անմոռաց մի հուշ դարձավ Օդեսայի կիրակնօրյա կրթօջախների՝  Սուրբ Մաշտոցի անվան դպրոցի և «Արևիկ» մանկապարտեզի մի խումբ սաների համար։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում միասնական աղոթքի մասնակցելուց և հոգևոր հովվի օրհնությունն ստանալուց հետո, նրա իսկ առաջնորդությամբ, կառույցների տնօրենների մասնակցությամբ, ծնողների ու դաստիարակների ուղեկցությամբ երեխաները շրջագայության մեկնեցին քաղաքային կենդանաբանական այգի: Այս մասին «Հայերն այսօր»-ին Օդեսայից տեղեկացնում է  Նարինե  Մուրադյանը:

Այդ գեղեցիկ նախաձեռնության հեղինակը հոգևոր վարչության անդամներն էին։ Այս միջացառումը մեծ բավականություն ու բարձր տրամադրություն պարգևեց ոչ միայն երեխաներին, այլև նրանց ծնողներին:

  Մանուկների պաշտպանության օրվան էր նվիրված նաև արևիկցիների տարեվերջյան հանդեսը։ Այն մեկնարկեց տնօրեն Մարինե Աղաջանյանի՝ ողջույնի խոսքով ու մաղթանքներով:

Տեր Աբգար քահանա Գըլըճյանը ցանկացավ՝ «Աստծո հովանու ներքո խաղաղ երկինք, որպեսզի միշտ  վառ շողշողան արևները», և սկսվեց արևահանդեսը

Օտար ափերում ծնված փոքրիկ ասմուքողներն ու երգիչ-երգչուհիները հանդես եկան մեր ոսկեղենիկ հայերենով՝ հաճելի պահեր պարգևելով դահլիճում ներկա գտնվող ծնողներին, տատիկ-պապիկներին, փոքրիկներին ու երիտասարդներին։ Նրանց ելույթն աշխարհին ու մարդկությանն ուղղված սիրո ու խաղաղության յուրօրինակ մի կոչ էր:

Երեխաների ոգևորությունը փայլուն արտահայտվեց հատկապես հայրենասիրական երգ ու պարերը կատարելիս։ Փոքրիկ դհոլահարների նվագակցությամբ խումբը հնչեցրեց «Հայրենիքի  երգը»:

 Արևիկցիների ելույթը եզրափակվեց «Եռագույնը» հաղթական երգով, որն ուղեկցվեց համանուն պարով:

Այս արևաշող  հանդեսին մասնակցում էին նաև կիրակնօրյա դպրոցի մի խումբ սաներ և բազմազգ  քաղաքի տարբեր ազգերի երեխաներ։

 Այս հիասքանչ տոնահանդեսի ավարտին հանդիսասրահում ներկա երեխաներին մատուցվեց գեղեցիկ անակնկալ.«Մկրտումյան» բարեգործական ֆոնդի հովանավորությամբ, նրանց համար պատրաստվել էին հետաքրքիր նվերներ և հաճելի հյուրասիրություն։ Նվերները հանձնեց մշակույթի տան տնօրեն Աննա Գևորգյանը՝մաղթելով, որ երեխաներն անհոգ մանկություն ունենան և մեծանանան խաղաղ երկնքի տակ և ոչ միայն բեմի վրա, այլև կյանքում էլ լինեն թագակիրներ, քանի որ դպրոցի յոթ սանիկները կրում էին հայոց թագը՝ այբուբենը:

Նրանք ստացան նաև դպրոցական պայուսակներ, քանզի  հրաժեշտ տվեցին մանկապարտեզին։ Դպրոց կանչող զանգի նման մանուկների շուրթերից  ղողանջեց ՝ « Այբ-բեն-գիմ » երգը։

23 45 67

Scroll Up