Արժանապատիվ Տեր Խաժակ քահանա Շահբազյանն արժանացավ քահանայական լանջախաչի

 Արդեն 14-րդ տարին է, ինչ  Հյուսիսային Ամերկայի Արևմտյան թեմի Առաջնորդանիստ Սբ. Ղևոնդյանց Մայր  Տաճարի պաշտոնեությունն ու հավատացյալները հավաքվում են՝ նշելու ծխական համայնքի տարեդարձը։Նմանօրինակ տոնակատարությունները խանդավառություն են առաջացնում համայնքի հոգևոր կյանքում, ջերմացնում սրտերն ու առավել սերտացնում բարեկամությունը։

Մայիսի 20-ին Թահանգայի «Սիզր» սրահում տեղի ունեցավ հերթական տոնական հավաքը։ Առաջնորդանիստ Մայր Տաճարի մեծ ընտանիքի համար օրը շատ նվիրական էր, որովհետև այն համընկել էր հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր Խաժակ քահանա Շահբազյանի ծննդյան 40-ամյա հոբելյանի հետ։ Այս մասին «Հայերն այսօր»-ին  ԱՄՆ-ից տեղեկացնում է Հովհաննես սարկավագ Գումրույանը:

Շուրջ 400 ներկաներ ուրախությամբ ու ջերմությամբ  շնորհավորեցին տեր հոր տարեդարձը՝ մատուցելով բազմաթիվ անակնկալներ։ Առաջնորդ Տեր Հովնան արք. Տերտերյանն իր օրհնության և շնորհավորանքի խոսքում բարձր գնահատեց Տեր Խաժակի անձնվեր ծառայությունն ու նվիրվածությունը եկեղեցուն և համայնքին։ Նա  Տեր հորը շնորհեց քահանայական լանջախաչ կրելու իրավունք՝ մաղթելով, որ տերունական Նշանը պահապան լինի Սբ. Ղևոնդյանց ծուխին՝ առաջնորդելով դեպի բարին ու հավիտենությունը։

Տոնական երեկոյի անակնկալներից էր նաև, այն որ Գերաշնորհ Տեր Հովնան արք. Տերտերյանը մասնավոր առաջնորդական շքանշանի արժանացրեց ծխական անդամներից Նորիկ Գրիգորյանին, Հակոբ Նալբանդյանին, Անդրե Շամալյանին, Գևորգ Բոյաջյանին և Վահիկ Ալխասյանին, ովքեր երկար տարիներ իրենց անխոս նվիրումն էին բերել մայր եկեղեցուն, համայնքին ու Սբ. Ղևոնդյանց Մայր Տաճարին։

Scroll Up