Արցախի մի քանի գյուղեր կապահովվեն ջրամատակարարմամբ. Մկրտիչ Մկրտչյան
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր նախագծերի շրջանակում մոտ ապագայում Արցախի Հանրապետության մի քանի գյուղեր ջրամատակարարմամբ կապահովվեն։
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Համահայկական հիմնադրամի Տորոնտոյի (Կանադա) մասնաճյուղի ղեկավար Մկրտիչ Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ 2017-2018 թվականներին նախագծին մասնակցելու համար ընտրված գյուղերում փոսեր կփորվեն, որպեսզի հատուկ սարքավորումների եւ արտեզյան ջրհորների գործարկմամբ հնարավոր դառնա օգտագործել ջրի ստորգետնյա աղբուրները։ Այդ ամենը կֆինանսավորվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից։
Մկրտիչ Մկրտչյանը նշել է, որ Արցախում քիչ չեն ջրամատակարարման կարիք ունեցող գյուղերը։ Նման գյուղերը քիչ չեն նաեւ Հայաստանում, եւ եթե հաջողվի այդ նախագծերը ֆինանսավորող դոնորներ գտնել, մի շարք հայկական գյուղեր եւս հնարավոր կլինի ջրամատակարարմամբ ապահովել։
Երեւանում, Հայաստանի կառավարության ընդունելությունների տանը մայիսի 27-ին բացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական մարմինների 26-րդ նիստը։ Նիստին ներկա են Հայաստանի եւ Արցախ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Կառավարության անդամներ եւ սփյուռքից հյուրեր։
Նշենք, որ համաձայն «Հայաստան» համահայկական հիմանդրամի հաշվետվության, ջրմատակարարման հետ կապված նախագծերի շրջանակում, Ամարաս, Սբ. Ղազանչեցոց եւ Դադիվանք վանական համալիրների մերձակայքում մի քանի հասարակական զուգարաններ են կառուցվել։