ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական նամակը Նայիրի Նահապետյանին՝ Գլենդելի միացյալ կրթական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/Հրանուշ-Հակոբյան1.jpg)
ԳԼԵՆԴԵԼԻ ՄԻԱՑՅԱԼ ԿՐԹԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
ՏԻԿԻՆ ՆԱՅԻՐԻ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՆ
Հարգելի տիկին Նահապետյան,
Մեծ ուրախությամբ տեղեկացանք, որ Գլենդելի միացյալ կրթական խորհրդի անդամների կողմից կրկին ընտրվել եք խորհրդի նախագահի պաշտոնում: ՀՀ սփյուռքի նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ այս պատասխանատու պաշտոնն ստաձնելու կապակցությամբ:
Հայ ժողովուրդը ամենածանր պայմաններում էլ մեծապես արժևորել է դպրոցի դերը՝ քաջ գիտակցելով սերունդների կրթական բարձր մակարդակի կարևորությունը: Այսօր, արդեն, Գլենդելի միացյալ կրթական խորհրդի հայ անդամները, շարունակում են մեր նախնիների գործը՝ ջանք ու եռանդ, միջոցներ չխնայելով այդ նպատակի իրականացման համար: Վերոնշյալի հաստատումը Գլենդելի բնակչության կողմից նրանց տրված վստահության քվեն է:
Հպարտ եմ, որ Դուք, ինչպես նաև խորհրդի նախագահի պաշտոնը տարիներ շարունակ զբաղեցնող մեր հայորդիները, չեն մոռանում և ակտիվորեն մասնակցում են հայ համայնքի կյանքին՝ իրենց նպաստը բերերով հայապահպանության, հայեցի կրթության ու դաստիարակության գործում:
Վստահ եմ, որ շարունակելու եք Ձեր գործունեությունը՝ ուղղված հայ-ամերիկյան կրթական, ինպես նաև Հայաստան-Սփյուռք կապերի առավել ամրապնդմանը: Մաղթում ենք Ձեզ բեղմնավոր գործունեություն և նորանոր հաջողություններ:
Օգտվելով առիթից կցանկանայի տեղեկացնել նաև, որ ս.թ. սեպտեմբերի 18-20-ը Երևանում կայանալու է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը: Սիրով հրավիրում եմ Ձեզ՝ մասնակցելու համաժողովի աշխատանքներին (հրավերը կցվում է):
Լավագույն մաղթանքներով՝
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ