Այսօր լրանում է Դերսիմի կոտորածների 80-րդ տարելիցը

Այսօր` մայիսի 4-ին, լրանում է 1937թ. Դերսիմի կոտորածների 80-րդ տարելիցը, որին զոհ գնացին հարյուրավոր ալևի զազաներ, քրդեր և հայեր:
1935թ.-ի դեկտեմբերի 25-ին սկսված և 1937թ.-ի մայիսի 4-ին պաշտոնական բնույթ ստացած ռազմական գործողությունները Դերսիմում ընդհանուր առմամբ շարունակվեցին մինչև 1939թ.:

Թուրքական demokrathaber.org կայքի հաղորդմամբ` Դերսիմի կոտորածների ընթացքում զոհվել է ավելի քան 72 000 մարդ, հազարավոր մարդիկ աքսորվել են առանց դատարանի որոշման, շատերն անհայտ կորած են մինչ օրս:

1937թ.-ի մայիսի 4-ը, սակայն, համարվում է Դերսիմի պատմության բեկումնային կետն ու Դերսիմի կոտորածների ընթացքում տեղի ունեցած ամենախոշոր ռազմական գործողությունը: Հենց մայիսի 4-ին Թուրքիայի պատմության մեջ հայտնի որպես առաջին կին թուրք օդաչու և աշխարհում առաջին կին ռմբակոծող Սաբիհա Գյոքչենը Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անմիջական հրամանով ինտենսիվ ռմբակոծության ենթարկեց Դերսիմի մի շարք շրջաններ:

Նշենք, որ Սաբիհա Գյոքչենի մասին «Սաբիհա Գյոքչե՞ն, թե՞ Խաթուն Սեբիլջյան» վերնագրով հոդվածը, որը գրվել էր պոլսահայ հայտնի լրագրող, մտավորական, «Ակօս» թերթի հիմնադիր և խմբագիր Հրանտ Դինքի կողմից և պատմում էր Աթաթուրքի որդեգրած Սաբիհա Գյոքչենի՝ իրականում Այնթապի մանկատան հայ որբերից մեկը լինելու մասին, ավելի ուշ դարձավ Դինքի սպանության արշավի առանցքային կետերից մեկը:
«Էրդողանի իշխանության տարիներին մինչ այդ փակ թեմա համարվող Դերսիմի կոտորածները հաճախ են դարձել քննարկումների թեմա: Սակայն մինչ օրս այդ դեպքերի համար պատասխանատվության հարցում որևէ քայլ չի ձեռնարկվել», -tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է ընդդիմադիր կայքը:
Դերսիմի փաստաբանների գրասենյակի նախագահ Բարըշ Յըլդըրըմը demokrathaber.org-ի հետ զրույցում հայտնել է, որ իրենց գրասենյակը պատրաստվում է պաշտոնական պահանջ ներկայացնել իշխանություններին` Դերսիմի կոտորածների համար պաշտոնական ներողության համար:
Scroll Up