«Նորահրաշը» ելույթ ունեցավ Մոսկվայի եկեղեցական երգչախմբերի 2-րդ զատկական փառատոնում

Ապրիլի 23-ին Սբ. Պողոս Պետրոս տաճարում կայացավ Մոսկվայի եկեղեցական երգչախմբերի 2-րդ զատկական փառատոնը, որն անցկացվում էր Մոսկովյան 4-րդ միջեկեղեցական զատկական մարաթոնի շրջանակներում։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնից, թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ՝ փառատոնին այլ կրոնական համայնքների և եկեղեցական երգչախմբերի հետ համատեղ մասնակցում էր նաև Մոսկվայի «Հայորդյաց տան»՝ Լենա Բեգլարյանի ղեկավարած «Նորահրաշ» վոկալ համույթը։
«Նորահրաշը» կատարեց Կոմիտասի «Հայրապետական օրհներգը», «Սուրբ-սուրբը», «Սարերի վրով գնացը» և ժողովրդական՝ «Ծաղկած բալենին»։ Փառատոնի մասնակիցները կատարեցին հիմնականում հոգևոր երգեր, իսկ միջոցառման ավարտին երգչախմբերի ղեկավարները ստացան հուշանվերներ և մասնակցության դիպլոմներ։
Ինչպես նախորդ փառատոներին, այնպես էլ այս անգամ՝ օտար հանդիսատեսը անչափ տպավորված և հիացած էր հայկական հոգևոր երաժշտության մաքրությամբ և հնչեղությամբ։