Մոսկվաբնակ գործարարը ​Տավուշում 1500 աշխատատեղ կհիմնի

«Տավուշ տեքստիլ» ընկերությունը շուտով շահագործման կհանձնի Բերդի գործարանը։ Քառորդ դար անց սահմանամերձ քաղաքում կլսվի գործարանային աղմուկը։ Ձեռնոցների արտադրությունը նախատեսվում է սկսել մայիսի սկզբին։ Բերդի նախկին ռելեի գործարանում այժմ հիմնանորոգման աշախատանքներ են իրականացվում։ Ձեռնարկությունը կարտադրի բանվորական ձեռնոցներ։ Ծնունդով արծվաբերդցի մոսկվաբնակ գործարար Սուրեն Երիցյանը սահմանամերձ մարզում ներդրումներ է իրականացնում արդեն երկուսուկես տարի։ Նախ հիմնել է Չորաթանի, ապա Արծվաբերդի ձեռնոցի գործարանները։

Նրա ներդրումների շնորհիվ աշխատանքի խնդիր է լուծել մոտ հազար տավուշցի, նոր գործարանը գործարկելու արդյունքում աշխատատեղերի թիվը կհասնի հազար հինգ հարյուրի։ Ընկերության տնօրեն Միքայել Եզեկյանի խոսքով, ապրիլի վերջին կտեղադրվեն հաստոցների առաջին խմբաքանակները, ևս կսկսվեն աշխատակիցների արտադրական գործընթացի ուսուցման աշխատանքները։

Արտադրանքի իննսուն տոկոսից ավելին արտահանվում է Ռուսաստանի դաշնություն։ Ըստ տնօրենի, իրացման խնդիր չունեն։ Գործարարը ներդրումային ծրագրերը հասցրել է սահման, առաջնագծում՝ Մովսես գյուղում ևս, մինչև հիսուն աշխատատեղով եզրակարող գործարան է բացվելու, Արծվաբերդում էլ ընդլայնվելու է արտադրությունը։

Նշենք, որ Բերդի գործարանի նորոգման աշխատանքներում ներգրավված է նաև զինծառայող Նվեր Բաբայանը, որը մեծ դեր է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին Չինարիի սահմանին ադրբեջանական դիվերսիոն խմբին պատժիչ հարված հասցնելիս։ Սահմանը պահող Նվերը նշում է, որ այդպիսով, իր պարտքն է համարում նաև ամրացնել հյուսիսարևելյան դարպասի թիկունքը։ Սպիտակ և նարնջագույն ձեռնոցների Բերդի արտադրությունը ամբողջ ծավալով կիրականացվի մինչև տարեվերջ, գրում է Ankakh.com-ը։

Scroll Up