The Washington Post-ի անդրադարձը Ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմին

The Washington Post ամերիկյան պարբերականը ևս մեկ անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմին՝ նշելով, որ «Առաջին համաշխարհայինի տարիներին հայերի զանգվածային ջարդերի մասին պատմող առաջին խոշոր հոլիվուդյան ֆիլմը՝ «Խոստում»-ը, կինոֆիլմերի համացանցային բազայում (IMDb) գնահատել է 111,300 մարդ, սակայն ֆիլմը ցուցադրվել է ընդամենը մի քանի անգամ»:

Պարբերականը նշում է՝ նման բուռն արձագանքի պատճառն այն է, որ ֆիլմը բարկացրել է մարդկանց, ովքեր հերքում են, որ 1915-1923թթ. ընթացքում 1 միլլիոն հայեր են սպանվել Օսմանյան կայսրության կողմից կամ, որ սպանությունները կատարվել են ցեղասպան քաղաքականության արդյունքում, հայտնում է panorama.am-ը:

Աղբյուրը նշում է, որ հազարավոր մարդիկ, մեծամասամբ Թուրքիայի բնակիչներ, IMDb-ում ամենացածր վարկանիշն են տվել ֆիլմին. Չնայած այն բանին, որ շատ երկրներ և պատմաբաններ հայերի զանգվածային կոտորածները կոչում են ցեղասպանություն, Թուրքիան ագրեսիվ կերպով մերժում է այդ եզրույթը:

Նաև նշվում է, որ մարտ ամսին «Խոստում» ֆիլմի ցուցադրությունից մեկ շաբաթ առաջ, նմանատիպ մեկ այլ ֆիլմ է հայտնվել «Օսմանյան լեյտենանտ» անվամբ: Ֆիլմը, որը նկարահանվել է թուրք ռեժիսորի կողմից, կրկին ներկայացնում է սիրային դրամա՝ նույն ժամանակաշրջանում, միայն ժխտելով ցեղասպանության հանգամանքը:

Scroll Up