Ստամբուլի «Արմեն» ճամբարում, որտեղ մեծացել է Հրանտ Դինքը, սկսվել են վերակառուցման առաջին աշխատանքները

Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող «Արմեն» հայկական ամառային ճամբարում, որը հայտնի է նաև որպես Հրանտ Դինքի մանկատուն, սկսվել են վերակառուցման առաջին աշխատանքները, հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթը»:
Ավելի վաղ Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամի նախագահ Գիրգոր Աղաբաբօղլուն հայտնել էր, որ ճամբարի վերակառուցման նախագիծն արդեն պատրաստ է, և իշխանությունների կողմից սեփականատիրոջ հանդեպ կիրառված սահմանափակումների վերացման ստորագրությունը ստանալուց հետո իրենք պատրաստ են անցնել նորոգման լայնածավալ աշխատանքների:
Վերակառուցված ճամբարը կծառայի որպես հրաշալի մշակութային օբյեկտ, որտեղ կապրեցվի նաև պոլսահայ մտավորական Դինքի հիշատակը:
Դեռևս 1962թ.-ին Պոլսո Հայոց պատրիարքարանը գնել է Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող այն տարածքը, որտեղ հետագայում պետք է կառուցվեր հայկական ամառային ճամբարը: Ճամբարի կառուցումը միտված էր երկու կարևոր խնդրի լուծմանը. ամռան ամիսներին վարժարաններից դուրս կարողանալ կազմակերպել հայ երեխաների՝ հայկական միջավայրում միմյանց հետ շփումները՝ հայերենը չմոռանալու նպատակով, ինչպես նաև ծնողներ չունեցող հայ մանուկներին ամառային արձակուրդներին նույնպես կացարանով ապահովելու կարևոր հարցը:
Սակայն 1987թ.-ին պետությունը խլեց տարածքը հայկական համայնքից՝ պատրիարքարանին մեղադրելով «ճամբարում ԱՍԱԼԱ-ի մարտիկներ մեծացնելու» համար:
Ճամբարի սեփականատերերը փոխվեցին մի քանի անգամ, և, ի վերջո, 2015թ.-ին տարածքի այդ ժամանակվա տերը որոշում կայացրեց Թուզլայում առանձնատների կառուցման նախագիծ սկսել:
2015թ.-ի մայիսի 6-ին «Արմեն» ճամբարի տարածք մտած բուլդոզերներին կարողացան կանգնեցնել հայ երիտասարդները, որոնք ճամբար հասնելով՝ հաջողացրին կանխել ճամբարի ամբողջական ավերումը, թեև շինարարական կազմակերպության աշխատակիցները սենյակներից մեկի պատն արդեն հասցրել էին քանդել, գրում է tert.am-ը: