Կանադացի կոմպոզիտորը Գրիգոր Լուսավորչին նվիրված օպերա է գրել

Կանադացի կոմպոզիտոր Ռոն Հաննահը օպերա է գրել Գրիգոր Լուսավորչի մասին: Հայաստանյան առաջնախաղը կկայանա ապրիլի 3-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Օպերան նվիրված է Սբ Գրիգոր Լուսավորչին և անդրադառնում է Խոր Վիրապում նրա անցկացրած տարիներին: Այս մասին հայտնում է culture.am-ը։

Բեմադրությունն իրականացնելու նպատակով Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչները, հեղինակները և դիրիժոր Հարություն Արզումանյանը լսումներ են անցկացրել ՀՀ մարզերի և Երևանի երաժշտական, արվեստի դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում: Արդյունքում ընտրվել են կամերային նվագախմբի երաժիշտներ, դերակատարների երկու կազմ,ինչպես նաև պարային խումբ՝ կազմված Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաներից և երգչախումբ ՝ կազմված Երևանի Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի սաներից: Օպերայի բեմականացումը նվիրվում է Հայաստանի հանրապետության և Ավստրիայի Հանրապետության, Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակներին: «Լուսավորիչ» օպերան ՀՀ մշակույթի նախարարության և «Աջակցություն մշակութային կրթությանը» հիմնադրամի համատեղ նախագիծն է:

Scroll Up