Անկարայում քուրդ լրագրող է ձերբակալվել

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ձերբակալվել է ազգությամբ քուրդ լրագրող Ռոժին Աքընը, որը պատրաստվում էր գիրք հրատարակել Սիրիայի քրդաբնակ Քոբանի բնակավայրի մասին:
Ինչպես հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը՝ Աքընը ձերբակալությունից հետո տեղափոխվել է Անկարայի քրեական դատարան, որտեղ էլ սպասվում է, որ նրա վերաբերյալ կկայացվի կալանավորման որոշում:
Հիշեցնենք, որ տարեսկզբին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մամուլի ազատության վերաբերյալ պահանջներ է ներկայացրել Թուրքիային:
Եվրախորհրդի պատգամավորների դատին հանձնված զեկույցը, որն ընդունվել է 110 կողմ, 15 դեմ ձայների հարաբերակցությամբ, պահանջում է Թուրքիայից ազատ արձակել ահաբեկչական միջոցառումներին մասնակցելու մեղադրանքով ձերբակալված լրագրողներին, վերանայել Թուրքիայի քրեական օրենսգրքի «Թրքությունը վիրավորելու մասին» 301-րդ հոդվածը, ինչպես նաև «նախագահին վիրավորելու մասին» 229-րդ և «ժողովրդի մեջ ատելություն սերմանելու մասին» 216-րդ հոդվածները: Զեկույցը նաև կոչ է անում վերանայել համացանցի հրապարակումների վերաբերյալ մեղադրանքներն ու թուլացնել Թուրքիայի պետական հեռուստաալիքի նկատմամբ պետական վերահսկողությունը:
Վեհաժողովը նաև պահանջել է Թուրքիայից ուշադրություն դարձնել ՄԱԿ-ի կազմած խոսքի և մտքի ազատության մասին Թուրքիայի վերաբերյալ զեկույցին: