Նինոծմինդայում տեղի ունեցավ «Հայկական գաթայի» փառատոն

Մարտի 22-ին՝ այս տարվա Միջինքի օրը, հոծ բազմություն էր հավաքվել Սբ. Սարգիս եկեղեցում, գավթում և «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում: Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «ՌՋ» կենտրոնի մամլո դիվանից, դեռ նախորդ օրն այստեղ էին բերվել մրցույթին ներկայացված գաթաները, որոնք շարականների ուղեկցությամբ հասցվեցին եկեղեցի: Այստեղ շրջանի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը օրհնեց գաթաները, նրանց «հեղինակներին» և ներկաներին:
Տոնախմբությունն սկսվեց «ՌՋ» կենտրոնի բակում: Մինչ մրցութային հանձնաժողովը կընտրեր լավագույն գաթաները, երգչախումբը և կենտրոնի պարային համույթը բացօթյա գողտրիկ համերգ տվեցին հանրության համար:

Փառատոնին առաջին պատվավոր հորիզոնականը գրավեց Սահականույշ Ղարսլյանը, երկրորդ հորիզոնականը գրավեցին Ազա Գոքորյանը և Անգելինա Սանոսյանը, իսկ երրորդ հորիզոնականը միմյանց միջև կիսեցին Գայանե Իրիցյանը, Անահիտ Սահակյանը և Պերճանուշ Կիրակոսյանը: Հաղթողներն ստացան դիպլոմներ և թանկարժեք նվերներ:
Հանդիսությունը վարեց Կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը:

 

Scroll Up