Արցախի ԱԳՆ ղեկավարը Հունաստանում այցելել է հայկական վարժարաններ

Սույն թվականի մարտի 13-15 ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպվող «Մեր հերոսական Արցախը» խորագրով միջոցառումներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Հունաստանի Հանրապետությունում է գտնվում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունից, ԱԳՆ ղեկավարի այցը սկսվել է Հունաստանի Հայ Ավետարանական եկեղեցի և մի շարք հայկական ուսումնական հաստատություններ, մասնավորապես՝ «Գալփաքյան» ու «Զավարյան» վարժարաններ այցելություններից, որտեղ նախարարը ծանոթացել է նրանց գործունեությանը և շփվել սաների հետ։
Նույն օրը Կարեն Միրզոյանը Հունաստանի Հայոց ազգային առաջնորդարանում հանդիպել է Կաթողիկոսական Փոխանորդ Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանի և Հունահայոց ազգային վարչության անդամների հետ։ ԱԳ նախարարը ներկայացրել է Արցախում տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաև Արցախի ՊԲ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրադրությունը և պատասխանել ներկաների կողմից բարձրացված հարցերին։