Կրասնոդարում հայկական ազգային պարեր են պարում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/03/63446.jpg)
Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում հայկական ազգային պարերի դպրոց է բացվել, որի նպատակն է պահպանել այնտեղ բնակվող հայերի սովորություններն ու ավանդույթները։
Ռուսաստանի հարավային մայրաքաղաքում հայկական ազգային պարերի դպրոց է գործում։
Այս մասին հայտնում է armeniasputnik.am-ը՝ վկայակոչելով kubantv.ru-ն։
«Հնագույն ժողովուրդն իր պարային ավանդույթներն ունի։ Ամեն պարը որոշակի պատմություն է պատմում։ Առայժմ միայն հայերն են դպրոց հաճախում, սակայն դպրոցի դռները բաց են նաև այլ ազգերի ներկայացուցիչների առաջ»,- գրում է կայքը։
Պատանիներն ու աղջիկները` ուս ուսի տված, ազգային պարեր են պարում դհոլի ու զուռնայի տակ։ 14-24 տարեկան 20 սաները ռազմական պարեր են սովորում։ «Մեր պատմության ընթացքում մենք գրեթե միշտ պատերազմել ենք։ Մեզ հետ են եղել նաև մեր քույրերը, մայրերն ու դուստրերը։ Այդ պատճառով էլ ռազմական պարերին ոչ միայն տղաներն են մասնակցում, այլ նաև` աղջիկները»,- պատմել է պարուսույց Հարություն Մարգարյանը։ Դպրոցն առայժմ 2 պարուսույց ունի, սակայն նախատեսվում է պարուսույց հրավիրել նաև Հայաստանից: