Կալիֆորնիայի Սենատում Հայաստանի ու Արցախի հետ առևտրի, արվեստի ու մշակույթի փոխանակման հանձնախումբ է ստեղծվել

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Սենատի օրենքների հանձնաժողովը ստեղծել է Հայաստանի ու Արցախի առևտրի, արվեստի ու մշակույթի փոխանակման հատուկ հանձնախումբ:

Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տեղեկացմամբ՝ նոր հանձնախումբը ձևավորվել է սենատոր Էնթոնի Փորթանթինոյի առաջարկով` Արցախի և Հայաստանի հետ նահանգային առևտրական, մշակութային և կրթական կապերը սերտացնելու համար:

Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը ողջունել է այդ յուրահատուկ հանձնախմբի ձևավորումը` շեշտելով, որ առաջին անգամ է նման մակարդակով Արցախին առնչվող հանձնախումբ ձևավորվում: Նա նաև շնորհակալություն է հայտնել սենատոր Փորթանթինոյին, ով կարողացել է պաշտոնը ստանձնելուց երեք ամիս անց նման նախաձեռնություն կյանքի կոչել:

Սենատոր Էնթոնի Փորթանթինոն էլ հպարտություն է հայտնել, որ կարողացել է հաջողությամբ ավարտին հասցնել նախաձեռնությունը:

«Մենք միմյանց շատ բան ունենք տալու և վստահ եմ, որ Հայաստանն ու Արցախը Կալիֆորնիայի համար հոյակապ գործընկերներ կլինեն»,- հայտարարել է նա:

Էնթոնի Փորթանթինոն անցյալ տարվա հունիսին Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի անդամ Զարեհ Սինանյանի հետ այցելել էր Հայաստան և Արցախ` մոտիկից ծանոթանալով հայ գործարարների, նորարարական կենտրոնների ղեկավարների հետ` հանդիպումներ ունենալով նաև կառավարության և մամուլի ներկայացուցիչների հետ: Կալիֆորնիայի, Հայաստանի և Արցախի  առևտրի, արվեստի ու մշակույթի փոխանակման հանձնախմբի մյուս անդամներն են Քեվին դե Լեոն, Թոնի Մենտոզան, Ջոշ Նյումանը և Սթոք Ուիլքը:

Scroll Up