Տեղի է ունենալու «Հայորդիք» հայկական պարերի միջազգային 4-րդ փառատոնը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/02/17012593_1377855795600749_1306923822_n.jpg)
Ապրիլի 15-16-ը Մոսկվայի «З�?Л» մշակույթի կենտրոնում տեղի է ունենալու «Հայորդիք» հայկական պարերի միջազգային 4-րդ փառատոնը, որի աջակիցներից է նաև ՀՀ սփյուռքի նախարարությունը:
Փառատոնի նպատակը սփյուռքյան տարբեր համայնքներում գործող պարախմբերի մասնակցությամբ օտարության մեջ ապրող հայերին հայրենասիրական շունչ ու ոգի փոխանցելն է, իսկ մատաղ սերնդի հոգիներում՝ ազգային դաստիարակություն սերմանելը:
«Հնագույն ժամանակներից սկսած՝ ժողովրդական երգերն ու պարերը մեր ազգային համախմբվածության խորհրդանիշն են եղել, նույնիսկ պատերազմների ժամանակ մեր քաջ զինվորները երաժշտական նվագարանների հնչյունների ներքո, Յարխուշտա պարելով են պաշտպանել հայրենի հողը: Իսկ մենք, Հայաստանից հեռու գտնվելով, որոշեցինք այս փառատոնի միջոցով «պայքարել» հանուն հայ մշակույթի պահպանման, միաժամանակ աջակցել մշակութային հաստատություններին, ստեղծագործական խմբերին և երիտասարդներին, բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են ազգային մշակութային հարստություններով»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց «Հայորդիք» միջազգային փառատոնի ղեկավար, համանուն պարախմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Անահիտ Սարգսյանը՝ հավելելով, որ պարախմբի կողմից ստեղծված «Հայ ժառանգության պահպանման» հիմնադրամի գործունեությունն է նաև նպաստում փառատոնի կայացմանը:
Անահիտ Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ «Հայորդիք» հայկական պարերի միջազգային 4-րդ փառատոնը տեղի կունենա նույն ձևաչափով, ինչպես նախկինում կայացած փառատոները: Հանդիսատեսի համար ժողովրդական երգերի կատարումներով հանդես են գալու Հայաստանից հրավիրված երգիչներ, իսկ մասնակից պարախմբերի ելույթները գնահատելու են մասնագիտական բարձր որակներ ունեցող ժյուրիի անդամները, որոնք էլ որոշելու են փառատոնի հաղթողներին:
Հավելենք, որ ազգային երգերի կատարող, պարուհի Անահիտ Սարգսյանը 1991 թվականին ստեղծելով խումբը՝ փորձել է հայկական երգ ու պարի միջոցով շարունակել զոհված ընկերների գործը և վառ պահել նրանց անունը: «Հայորդիք» է անվանել՝ ի հիշատակ ազգային հերոս, Արցախյան պատերազմի մասնակից Թաթուլ Կրպեյանի և մյուս զոհված տղաների:
Տեղափոխվելով Մոսկվա՝ նա օտարության մեջ ապրող հայ երիտասարդներին հայկական մշակույթին հաղորդակից դարձնելու և նրանց գիտակցության մեջ հայրենասիրական շունչը պահպանելու նպատակով` 1998 թվականին վերաբացել է խումբը:
Գևորգ Չիչյան