ՀՀ դեսպանը Հոլանդահայ կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչներին է ներկայացրել Սփյուռքի նախարարության 2017 թվականի ծրագրերը

Հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար արդեն բարի ավանդույթ է դարձել տարեսկզբին Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանի և հյուպատոսի հանդիպումը հոլանդահայ կազմակերպությունների և կառույցների անդամների հետ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է «Նիդերլանդական օրագիր»-ը, Դեսպան Ձյունիկ Աղաջանյանը մանրամասը ներկայացրել է Հայաստանի Անկախության և Հայկական բանակի կազմավորման 25-ամյա հոբելյանական տարվա արդյունքները, Սփյուռքի նախարարության կողմից 2017թ. Հայաստանում կազմակերպվող միջոցառումների թեմատիկան,  Հայաստան-սփյուռք կապը նոր հիմքերի վրա դնելու խնդիրները, կրթական ծրագրերին առնչվող հարցերը:

Այս ֆոնին կարևորվում է Նիդերլանդների և Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, որը նշվելու է այս տարի: Հարուստ մշակութային  ժառանգություն  ունեցող մեր երկու երկրների միջև  հաջողությամբ զարգանում են հոգևոր, մշակութային կապերն ու շփումները: Լավ նախադրյալներ են ստեղծվել քաղաքական և  բիզնես դաշտերի փոխհամաձայնեցված գործունեության համար:

Հոլանդահայ կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչներն անդրադարձան համայնքներում կազմակերպվող միջոցառումներին:
Հայկական համայնքները այս տարի ևս հետամուտ են լինելու  Հայոց ցեղասպանության տարելիցի պատշաճ անցկացմանն ու ցեղասպանության ժխտման կանխարգելմանը:

Ի դեպ, հանդիպման մասնակիցները դիտեցին այս թեմայով դեսպանատանը  բացված հայկական կիրակնօրյա դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդեսը, գնահատեցին լավագույն աշխատանքները:

Երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օգտակար այս հանդիպմանը հնչեցին շատ հարցեր ու տրվեցին դրանց պատասխանները:
Վերջում դեսպան  Ձ. Աղաջանյանը, հաջողություն մաղթեց բոլորին իրենց հայանպաստ գործունեության համար, հորդորեց ամեն բան անել հայ-հոլանդական կապերն ավելի սերտացնելու, մեր երկու ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելու ջանքերում: Նաև շնորհակալություն հայտնեց բոլորին` հայապահպանության ոլորտում ունեցած ավանդի համար:
Ջերմ ու անկեղծ շփումից հետո մասնակիցները մտքեր փոխանակեցին, ապա և լուսանկարվեցին:
%d5%b6%d5%ab%d5%a4%d5%a5%d6%80%d5%ac%d5%a1%d5%b6%d5%a4%d5%b6%d5%a5%d6%801%d5%b6%d5%ab%d5%a4%d5%a5%d6%80%d5%ac%d5%a1%d5%b6%d5%a4%d5%b6%d5%a5%d6%802
Scroll Up