Առաջին անգամ Սուրբ Պատարագ մատուցվեց Կուալա Լումպուրում (Մալազիա)

Փետրվարի 4-ին Կուալա Լումպուրի Սուրբ Միքայել Հրեշտակապետ եկեղեցում (Ռուս Ուղղափառ) Մյանմարի, Սինգապուրի և Դաքքայի հոգևոր հովիվ, Ծայրագույն Արևելքում Նորին Սրբության ներկայացուցիչ Հոգեշնորհ Տ. Զավեն վարդպատետ Յազիչյանի ձեռամբ առաջին անգամ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Մալազիայի հայկական միությունից:
Պատարագին ներկա էին համայնքի բոլոր անդամները, հյուրեր, հայ ազգի բարեկամներ, հայեր, ովքեր բնակվում են Մալազիայի Ջոհոր Բահրու շրջանում, ինչպես նաև Ինդոնեզիայում։ Պատարագի ընթացում Հոգեշնորհ Հայր Սուրբն իր պատգամը փոխանցեց ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով Մալազիայի հայ համայնքի նախագահ Տիար Էմիլ Պետրոսյանին և համայնքի բոլոր անդամներին՝ իրենց կազմակերպչական հրաշալի աշխատանքի համար։ Ի մասնավորի, Հայր Սուրբը նշեց․«Ամուր հավատքը, անսպառ սերը առ Սուրբ Եկեղեցին և Մայր հայրենիքը միավորում են մեզ այսօր այս սրբազան հարկի ներքո հակառակ այն իրականության, որ Մալազիայում այսօր չունենալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի՝ բարձր գնահատանքի է արժանի այն ջանք ու եռանդը, սերն ու նվիրումը, որ դուք չեք խնայել այս գեղեցիկ տեսլականն իրականություն դարձնելու համար, դուք, իրապես, շարունակում եք լինել ժառանգորդն այն ժառանգության, որը մեր նախնիներն ժամանակին ստեղծել են այս երկրի մեջ»։
Հայր Սուրբը նաև փոխանցեց Նորին Սրբության գնահատանքն ու օրհնությունը և մաղթեց, որ Աստված բազմապատիկ հաջողություններ պարգևի հայրենանվեր գործունեության ընթացքում: Սուրբ պատարագի ավարտին տեղի ունեցավ Սուրբ Մկրտության սրբազան արարողություն. երեք մանուկներ վերածնվելով՝ դարձան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու որդեգիրը: Սուրբ Մկրտության այս հրաշալի արարողությունը կարծես Մալազիայի Հայ համայնքի «վերածնդի և հարության» բարձրաղողանջ կոչնակը եղավ և կրկին ապացուցվեց համայնքի նվիրումն առ Հայ Առաքելական Մայր Եկեղեցի։
Հավատացյալ հայորդիների և ներկաների ուրախությունն ու խանդավառությունը աննկարագրելի էր, որը շաղախված էր գալիքի նկատմամբ հույսի և հավատի զգացողությամբ։ Սուրբ Մկրտության ավարտին Մալազիայի Հայ համայնքի անդամներից Տիար Աշոտ Թունյանից, տեղեկանալով իր ազգականի անակնկալ մահվան մասին, համայնքի նախագահ Տիար Էմիլ Պետրոսյանի առաջարկին ընդառաջ, Հայր Սուրբը կատարեց հոգեհանգստյան աղոթք։ Իր խոսքի մեջ Հայր Զավենը նշեց․«Խոր ցավով տեղեկացանք սիրեցյալ Տիար Սասուն Թունյանի անժամանակ մահվան մասին: Անդառնալի կորստյան այս դժվարին պահին Ձեր կողքին ենք մեր աղոթքով և սրտակցությամբ՝ հայցելով, որ բազմողորմն Աստված արարչական իր սիրով երկնային երանական բարձունքներում խաղաղության և հանգստության մեջ ընդունի հանգուցյալի լույս հոգին և Աստվածային Սուրբ Հոգու մխիթարությունը պարգևի Թունյան ընտանիքի բոլոր հարազատներին»:
Արարողություններից հետո եկեղեցու սրահում տեղի ունեցավ փոքրիկ ճաշկերույթ, որի ընթացքում համայնքի նախագահ Տիար Էմիլ Պետրոսյանն իր շնորհակալական խոսքն ուղղեց Հայր Սուրբին՝ նշելով, որ անմոռանալի և աղոթքով լի օր արձանագրվեց Մալազիայի Հայ համայնքի կյանքում, ապա հանուն Մալազիայի Հայ համայնքի Տիկնաց Միության, ի նշան երախտագիտության, փոքրիկ հուշանվեր հանձնեց Տ. Զավեն վարդպատետ Յազիչյանին:
Պատմական ակնարկ
Հարավ-Արևելյան Ասիայում հայերը բնակություն են հաստատել դեռևս 16-17-րդ դարերից։ Օտար հողում հաստատվելով և հայ համայնքներ ձևավորելով, ինչպես այօրվա տեղաբնակ հայերի, այնպես էլ ժամանակի հայերի համար կյանքի առաջնային նպատակն է եղել պահպանել սեփական լեզուն, հավատքը և մշակույթը։ Հնում հայերը Մալայզիա են եկել հիմնականում Հնդկաստանից և Հին Ջուղայից ու արմատավորվել են Մալակկա թերակղզում, որը Հարավ-Արևելյան Ասիայի թերակղզիներից է՝ Հնդկաչին թերակղզու հարավային մասը։ Այն ներկայումս բաժանված է Մյանմարի, Մալայզիայի և Թաիլանդի միջև։ Հայերը հաստատվել են Պենանգ նահանգի Ջորջթաուն քաղաքում և շատ կարճ ժամանակում վճռորոշ դեր են ունեցել նահանգի տնտեսական, մշակութային և ճարտարեապետական ձևավորման պատմությունը մեջ: Մինչև այսօր Ջորջթաուն քաղաքում ամենահայտնի փողոցն անվանում են Արմենիան Սթրիթ կամ Լեբուհ Արմենիա (Armenian Street, Lebuh Armenian): Այս փողոցն իր շինություններով Պենանգի պատմության անջնջելի մասնիկն է, որի մասին տեղացիները հպարտությամբ են բարձրաձայնում՝ մատնանշելով ժամանակին հայկական հարուստ ժառանգության մասին, որն ի դեպ գտնվում է ՄԱԿԳՄԿ-ի (ՅՈՒՆԵՍԿՕ) համաշխարհային ժառանգության պահպանության ներքո: Հայտնի Սարգիս եղբայրների ջանքերով, ովքեր ժամանակին ամենահայտնի գործարարներն էին Հարավ-Արևելյան Ասիայում, հիմնել են Իսթերն Օրիենատալ (The Eastern & Oriental Hotel) և Քարգ (Crag Hotel) հյուրանոցները։ Վերջինս 1950-ականերին վերածվել է առաջին դպրոցի (Uplands School in Penang): Հիշատակելի է նաև այն փաստը, որ հայազգի Դոկտոր Ավետումը (Dr. Avetoom), ով Պենանգում առաջատար գործիչներից մեկն էր, հիմնել է Ջորջթաունի առաջին դիսպանսերը (George Town Dispensary): Տեղի Հայ համայնքի ջանքերով կառուցվել է նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Եպիսկոպոսի փողոցում (Bishop Street), որը դժբախտաբար քանդվել է 1906 թ․։ Ներկայումս Մալայզիայում բնակվում են փոքրաթիվ հայեր, որոնք մասնավորապես կենտրոնացած են հիմնականում Կուալա Լումպուրում։