Սուրբ Սարգսի տոնն այս տարի փետրվարի 11-ին է. աղի բլիթ, երիտասարդների օրհնության օր

Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնն այս տարի նշելու ենք փետրվարի 11-ին:

Ս. Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ այն հռչակվել է երիտասարդների օրհնության օր:  Արարատյան Հայրապետական թեմն արդեն 11 տարի տոնին վերադարձրել է երբեմնի ժողովրդականությունը: Այս տարի էլ բազմաթիվ ծրագրերով ու նախաձեռնություններով է հարուստ տոնական ծրագիրը՝ համերգներ, մրցույթներ, քայլերթ:

Ս. Սարգսի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդույթ է: Ս. Սարգիսը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է:

Ժողովրդական սովորություններից է նաեւ Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդների՝ աղի բլիթ ուտելը, որի հետ նրանք կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:

Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին եւ սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի եւ ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը: Սիրահարված երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ եւ քաղցրավենիք են նվիրում:

Սբ Սարգիս զորավարի տոնի առթիվ կազմակերպվող միջոցառումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Scroll Up