Ադրբեջանի զինուժի դիվերսիայի փորձից հետո ԱՄՆ հայ համայնքն առցանց արշավ է սկսել
Հայ-ադրբեջանական վերջին բախումներից հետո Միացյալ Նահանգների հայ համայնքը փորձում է իր տեսակետը լսելի դարձնել ԱՄՆ-ի պաշտոնյաներին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ հայ համայնքն առցանց արշավ է սկսել՝ փորձելով ԱՄՆ պետական եւ քաղաքական գործիչներին հասցնել սեփական տեսակետը հայ-ադրբեջանական վերջին ողբերգական բախումների վերաբերյալ:
Վաշինգթոնի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ուղղակի դիմել է սփյուռքին՝ հիշեցնելով, որ ադրբեջանական կողմի հարձակումը տեղի է ունեցել քրիստոնյաների համար կարեւոր Ամանորի եւ Սուրբ ծնունդի տոներին:
Համբարյանը կոչ է արել ամերիկահայերին միանալ առցանց պայքարին. «Մենք որպես սփյուռք կատարում ենք մեր գործը, մենք կապվում ենք մեր իշխանությունների հետ, որպեսզի նրանք քննադատեն եւ հետաքննեն Ադրբեջանի գործողությունները»:
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ-ում բնակվող հայերին անհապաղ կապ հաստատել ԱՄՆ գործադիր եւ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ սոցցանցերի միջոցով. «Դուք կարող եք հաղորդագրություն ուղարկել Կոնգրեսի անդամներին, Սպիտակ Տուն եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ղեկավարությանը՝ նրանց հասցնելով ձեր դիրքորոշումը: Twitter-ով կարող եք նաեւ կապվել ընտրյալ նախագահ Թրամփին:
ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների խոսքով, իրենք փորձում են անել այնպես, որ ադրբեջանական կողմի վրա միջազգային վարկանիշի տեսանկյունից թանկ նստի հայկական կողմի դեմ հարձակումը: