«Ազգային վիճակախաղ»-ի ամբողջ հասույթն կուղղվի Արցախի անվտանգության բարձրացմանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/12/58381.jpg)
Ընթացիկ տարվա դեկտեմբերի 28-ին տեղի է ունենալու «Արցախի ազգային վիճակախաղ»-ի չորրորդ թողարկման խաղարկությունը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արցախի ազգային վիճակախաղ» ՓԲԸ տնօրեն Ալեքսանդր Արզումանյանն ասել է, որ շրջանառության մեջ դրված 100 հազար տոմսերից նախնական հաշվարկով այս պահի դրությամբ իրացվել է 56 հազար տոմս:
«Այս տարի տոմսերն իրացվել են Արցախում և Հայաստանում ապրող մեր հայրենակիցների կողմից»,- նշել է Ա. Արզումանյանը՝ հավելելով, որ շահած բոլոր տոմսերի համարներն տեղադրվելու են վիճակախաղի պաշտոնական կայքէջում: Խոսելով վիճակախաղի այս տարվա համար խաղարկվելիք շահումների մասին՝ «Արցախի ազգային վիճակախաղ» ՓԲԸ տնօրենը տեղեկացրել է, որ մրցանակային ֆոնդում նախատեսել են արցախյան արտադրության տարբեր չափսերի գորգեր, թթի փայտից սարքած տակառներ, որոնք լցված են թթի օղիով, «Արցախյան մեղր» հուշանվեր և գումարային շահում 5 մլն դրամ:
Ա. Արզումանյանի խոսքով՝ «Արցախի ազգային վիճակախաղ»-ի արդյունքում ստացված ամբողջ հասույթն այս տարի ուղղվելու է Արցախի անվտանգության բարձրացմանը:
Նշենք, որ 2013թ-ին մեկնարկած վիճակախաղի ընթացքում հավաքագրված ֆինանսական միջոցներն ուղղվել են Իշխանաձորում 10 բնակարանների կառուցմանը: