ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական նամակը Շվեյցարիայի «Արձագանք» պարբերաթերթի ստեղծման 30-ամյա հոբելյանի առթիվ

ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ «ԱՐՁԱԳԱՆՔ» ՊԱՐԲԵՐԱԹԵՐԹԻ
ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ՄԱՐԱԼ ՍԻՄՍԱՐ–ԹՈՄԲԱԶՅԱՆԻՆ
ՊԱՐՈՆ ԱՐԱ ՍԻՄՍԱՐԻՆ
Սիրելի՛ տիկին Մարալ,
Հարգելի պարոն Սիմսար
Շնորհավորում եմ Ձեզ «Արձագանքի» ստեղծման 30-ամյա հոբելյանի առթիվ:
Դուք Ձեր նվիրումով ու անխոնջ աշխատանքով անցած 30 տարիների ընթացքում Շվեյցարիայում պարբերականը դարձրել եք հայապահպանության կռվան, համայնքային կյանքի հայելին:
Գովելի է, որ միաժամանակ հայերեն և ֆրանսերեն լեզուներով լույս տեսնող ամսագրում տեղ են գտնում ոչ միայն Շվեյցարիայի, այլև մյուս երկրների հայկական համայնքներին վերաբերող կարևոր նյութեր և հրապարակումներ, իսկ Ձեր խմբագրականները ընթերցողին ուղղորդում են՝ կարևորելու պարբերականի ասելիքը:
«Արձագանք»-ը համայնքային խնդիրներն արծարծելու, հայ մշակույթը ներկայացնելու հրաշալի փորձառություն ունի: Վստահ եմ, որ այսուհետ պարբերականն ավելի լայնորեն ու բազմակողմանի կարձագանքի Հայրենիքի, Սփյուռքի և Արցախի խնդիրներին ու մարտահրավերներին, իսկ Շվեյցարիայի հայ համայնքն առավել ակտիվ կմասնակցի համահայկական ծրագրերին ու նախաձեռնություններին:
Ուրախ եմ, որ «Արձագանք»-ը համագործակցում է Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի հետ և մասնակցում է նախարարության նախաձեռնություններին:
Սիմսար ընտանիքի նվիրումի, ջանքերի և ստեղծագործական տքնանքի շնորհիվ է, որ «Արձագանքի» արձագանքներն այդքան ազդեցիկ են, նպատակային և ուղղորդող:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, կորով:
Բարի երթ և նորանոր հորիզոններ «Արձագանքին»:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ