ՀԲԸՄ-ն Հայաստանում նշում է հիմնադրման 110-ամյակը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/12/AGBU-hid.jpg)
«Հայկական բարեգործական ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) վերջին ամիսներին տարբեր միջոցառումներով սփյուռքյան մասնաճյուղերում նշել է միության 110-ամյակը: Չէինք կարող Մայր հայրենիքում բաց թողնել հոբելյանական ձեռնարկներ ունենալու հնարավորությունը: Հայաստանում միջոցառումները որոշել էինք իրականացնել ապրիլ ամսին, բայց քառօրյա պատերազմի պատճառով հետաձգեցինք: Հիմա ուրախ եմ, որ խաղաղ պայմաններում ենք կյանքի կոչում»,-այս մասին լրագրողների հետ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:
«Հայերն այսօրի» փոխանցմամբ`Վազգեն Յակուբյանը նշեց, որ ՀԲԸՄ-ն մնայուն ներկայություն է դարձել Հայաստանում, բազմաբնույթ ծրագրեր իրականացնելով` խոր արմատներն են գցել այստեղ, և որ շարունակելու են ազգային նպատակներին հասնելու համար` կամրջել Սփյուռքի ներուժը Հայաստանում առկա ներուժին:
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանն ասաց, որ անցնող 110 տարիների ընթացքում միությունը Հայաստանում և Սփյուռքում հայության համար փարոս է հանդիսացել: Միության նախագահը վստահեցրեց, որ միջոցառումների շարքը համախմբելու է ՀԲԸՄ-ի ղեկավարությանը, անդամներին, գործընկերներին, բարեկամներին՝ տոնախմբելու նշանակալի այս իրադարձությունն ու վերահաստատելու «Միութիինը զօրութիին է» ՀԲԸՄ-ի երկարամյա կարգախոսը:
Ապա տեղի ունեցավ «Մեկդարյա պատմություն. Հայկական բարեգործական ընդհանուր միություն» էլեկտրոնային գրքի շնորհանդեսը, որը ներկայացրեց Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Երվանդ Զորյանը:
Հետևելով ՀԲԸՄ-ի ձգտումներին` գիրքը նոր ձևաչափով է, այն է` վերաիմաստավորել հայկական փորձը կրթության և ուսուցման բնագավառում:
Գրքի առաջին հատորը ներկայացնում է ՀԲԸՄ-ի գործունեությունը հիմնադրման` 1906 թվականից մինչև 1940-ական թվականները, իսկ երկրորդ հատորը`1941 թվականից մինչև 2006 թվականի ծավալած գործունեությունը:
Այնուհետև տեղի ունեցավ «Snapshot 110» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը, որի նպատակը Սփյուռքում ապրող պրոֆեսիոնալ և սիրողական մակարդակի լուսանկարիչների համախմբումն է: Նրանք աշխատանքներում ներկայացրել են կրթական, մշակութային, հոգևոր և մարդկային այն արժեքները, որոնք մարմնավորում են ՀԲԸՄ-ը:
ՀԲԸՄ-ի` դեկտեմբերի 2-ի հոբելյանական միջոցառումները եզրափակվեցին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած «ՀՈԳԻՍ» պարային երաժշտական ներկայացմամբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ-ի Նորքի Հայորդյաց տան ու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների կատարմամբ:
Հավելենք, որ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հիմնադրվել է 1906 թվականի ապրիլի 15-ին, Կահիրեում (Եգիպտոս)` հայտնի ազգային գործիչ Պողոս Նուբարի և եգիպտահայ համայնքի ականավոր ներկայացուցիչների նախաձեռնությամբ` հայ ժողովրդի հոգևոր և մշակութային զարգացմանը նպաստելու համար:Նրանց հիմնական նպատակն էր ստեղծել մի միություն, որը կոչված էր ամեն կերպ աջակցելու հայ ժողովրդին:
1906 թվականից մինչև հիմա ՀԲԸՄ-ը հավատարիմ է մնացել իր կոչմանը` համայն հայության բարգավաճմանը նպաստող հիմքերի ստեղծմաը: Այսօր միությունն ունի 74 շրջանային հանձնաժողովներ, մասնաճյուղեր, գործընկեր կազմակերպություններ, 28 երիտասարդ արհեստավարժների համախմբումներ, 24 դպրոցներ, մշակութային ու երիտասարդական տասնյակ կենտրոններ, գեղարվեստական, մարզական ու սկաուտական խմբեր: Իր պատմության կերտման ողջ ընթացքում միությունը հավատարիմ է մնացել հիմնադիրների տեսլականին` ներդրումներ կատարել հայ ժողովրդի կրթական, սոցիալական, առողջապահական ու մշակութային կյանքի բարելավման և առաջընթացի նպատակով:
Գևորգ Չիչյան