Շվեդիայում հայերին վիրավորած թուրք գործիչը կանգնել է դատարանի առաջ

Նախորդ տարի ապրիլի 9-ին Ստոկհոլմի կենտրոնական Սերգելս Տորյ հրապարակում ադրբեջանա-թուրքական ցույցի ժամանակ հակահայկանան արտահայտություններ հնչեցրած թուրք գործիչը կանգնել է դատարանի առաջ:

Հայտնում է «Էրմենիհաբեր»-ը՝ վկայակոչելով «ANF» գործակալությանը:

Շվեդիայում լեգալ գործունեություն իրականացնող թուրքական ազգային ասոցիացիայի արդեն նախկին փոխնախագահ Բարբարոս Լեյլանին, ով հանրահավաքի ընթացքում  օգտագործել էր «շուն հայերը պետք է զգուշանան, մահ` հայ շներին» արտահայտությունը, նախօրեին դատարանում ցուցմունք է տվել:

Լեյլանին, մեկնաբանելով իր այդ հայտարարությունները, ասել է, թե իբր հանրահավաքի օրը «վատ ինքազգացողություն է ունեցել, հոգեբանական  ծանր վիճակում է եղել և ելույթ է ունեցել առանց նախապես պատրաստված տեքստի»: Փորձելով արդարանալ՝ Լեյլանին պնդել է, թե իբր «շուն» բառը ասել է, ոչ թե «խաղաղասեր, այլ ահաբեկչությանը սատարող» հայերին մեղադրելու նպատակով:

Իսկ ցուցմունքի վերջում դատավարի այն հարցին, թե մեղադրյալը ավելացնելու բան ունի, թուրք գործիչը ասել է. «Ներողություն եմ խնդրում»:

Դատախազը, նշելով, որ Լեյլանիի օգտագործած արտահայտությունը էթնիկ խմբի նկատմամբ ատելություն հրահրող հանցագործություն է, վերջինիս համար պահանջել է պայմանական ազատազրկում և տուգանք:
Դատավճիռը կհրապարակվի դեկտեմբերի 14-ին:

 2015 թվականի ապրիլի 9-ին  Ստոկհոլմում տեղի ունեցած ցույցի տեսանյութը հեռարձակվել էր շվեդական հեռուստալիքներից մեկով և մեծ քննադատության էր արժանացել, ինչից հետո Լեյլանին նշել էր, որ այդ ամենն ասել էր պահի ազդեցության տակ, և դրանք չի կարելի դիտարկել որպես սպառնալիքներ:
Սակայն նրա արդարացումը, միևնույն է, չէր ընդունվել: Բարբարոս Լեյլանին  ստիպված է եղել հրաժարական տալ իր զբաղեցրած պաշտոնից:
Բացի այդ դեպքից հետո Ստոկհոլմում գործող շուրջ 50 հայկական, քրդական և շվեդական կազմակերպություններ դիմել էին դատախազություն՝ պահանջելով պատժել Լեյլանիին:

Scroll Up