«Ծառայության տարվան» նվիրված երեկո Տորոնտոյում
Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանի հովանավորությամբ նախօրեին Տորոնտոյի «Համազգային» թատերասրահում տեղի է ունեցել «Ծառայության տարուն» նվիրված գնահատանքի երեկո: Այս մասին հաղորդում է Կանադայի հայոց թեմի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը 2016 թվականը կոնդակով հռչակել է«Ծառայության տարի»:
Կաթողիկոսի ուղերձում մասնավորապես ասվում է. «Աշխարհում ապրող յուրաքանչյուր ոք իր ինքնությունն ունի: Ինքնությունը ենթադրում է պատկանելություն, պատկանելությունը նշանակում է հավատարմություն, իսկ հավատարմությունը պահանջում է ծառայություն»:
Միջոցառման ընթացքում բարձր գնահատականի արժանացան ավելի քան 20 տարի կամավորական ծառայություն կատարած մի շարք անհատներ, ովքեր անդամակցում են Հայ օգնության միությանը (ՀՕՄ), Հայ մարմնակրթական ընդհանուր միությանը (ՀՄԸՄ), ինչպես նաև` Համազգային հայ կրթական և մշակութային միությանը: Գնահատականի արժանացան նաև Սբ. Աստվածածին հայ առաքելական եկեղեցում ծառայող հավատացյալները:
Փակման իր խոսքում Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանը նշեց, որ ծառայելու դեպքում պետք է ծառայել անշահախնդիր, հոժարակամ, նվիրումով և եղբայրասիրությամբ:
«Այդ ժամանակ է, որ կմեծանանք և կբարձրացնենք եկեղեցին և միութենական մեր բոլոր կառույցները: Սերը կարևոր է ծառայության մեջ, որը պահանջում է գիտակցություն, նվիրում, հավատք ու սեր ազգի և հայրենիքի հանդեպ»,- իր խոսքը ավարտեց արքեպիսկոպոսը: