«Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոնը»՝ ազգային արժեքների և ստեղծարար մտքի դարբնոց
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/11/1105.jpg)
«Ինովացիոն ազգային էթնիկ մարզային կենտրոն»-ի բացումով հատկապես վերարժևորում ենք ազգային արժեքների պահպանումը, քանի որ այդ ամենի բացակայության դեպքում՝ ցանկացած գործ կձախողվի: Հայի ուղեղը ես նմանեցնում եմ օվկիանոսի. երբ փոթորկվում է, կախարդական փայտիկից էլ ուժեղ է և ամենազոր: Երեխաներ հավաքագրելով՝ մենք հայտարարում ենք «զորակոչ», որի միջոցով, հզոր բանակ ստեղծելով, կկարողանանք աշխարհում շատ կարևոր մտքի «պատերազմներում» հաղթանակներ գրանցել: Կենտրոն հաճախող հայ երեխաները կկարողանան ձևավորել իրենց տաղանդն ու ունակությունները՝ աշխարհին ներկայանալի լինելու համար»,-նոյեմբերի 21-ին Էջմիածնի «Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունում տեղի ունեցած «Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոն»-ի բացման արարողության ժամանակ «Հայերն այսօրին» ասաց հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը և հավելեց, որ կենտրոնի գլխավոր նպատակը հատկապես անապահով երեխաների կողքին կանգնելն է, որպեսզի միջոցների բացակայությունը որևէ մեկի ճակատագրի կերտման հարցում պատճառ չհանդիսանա:
Իսկ «Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոնի» ղեկավար Քրիստինե Գյոնջյանը հույս հայտնեց, որ կենտրոնը հետաքրքիր ծրագրերի, նախագծերի իրականացման վայր կդառնա, որտեղ երիտասարդները չկտրվելով իրենց արմատներից՝ կստեղծեն և կիրականացնեն նորարար գաղափարներ:
Միջոցառմանը ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասսերը, ինչպես նաև ՀՀ-ում գործող դեսպանատներից, տեղական և միջազգային մի շարք կազմակերպություններից, ՏՀՏ ոլորտից և մասնավոր ընկերություններից ներկայացուցիչներ:
Միջոցառման սկզբում օրհնության խոսք ասաց Սրբազան հայրը, որից հետո համագործակցության հուշագիր ստորագրվեց «Հայ միասնության խաչ»-ի և Էջմիածնի քաղաքապետարանի միջև, ապա ԻԷՄԿ-ի ստեղծման գործում աջակցություն ցուցաբերած կառույցներին`Էջմիածնի քաղաքապետարան, «ԱրմՍվիսԲանկ», «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ, «Ինտերնետ Հանրություն» ՀԿ, «Արփինետ» ՍՊԸ, «Լոկատոր» ՓԲԸ և անհատներին՝ Գևորգ Մաչանյանին, Հարութ Բրոնոզյանին(ԱՄՆ), Մկրտիչ Բաբայանին(ԱՄՆ), Չառլի Տակեսյանին(ԱՄՆ, Չիկագո),շնորհակալագրեր հանձնվեցին:
Հավելենք, որ ԻԷՄԿ-ի նպատակը մարզերում ՏՀՏ ոլորտի ակտիվացումը, տնտեսության մեջ ինովացիաների խթանմանը, ստեղծարար մտածելակերպին, փորձառության ձեռքբերման հնարավորությանն ու գործատու-մասնագետ կապի ստեղծմանը նպաստելն է: Այժմ կենտրոն են հաճախում փոքրերի և մեծերի խմբից կազմված շուրջ 70 մարդ, որտեղ նրանք անվճար հիմունքներով մասնակցում են ռոբոտաշինության, համակարգչային ցանցերի ստեղծման, օֆիսային ծրագրերի, ցանցային սարքավորումների և կարգավորումների, NAT տեխնոլոգիայի և շատ ուրիշ դասընթացների:
Գևորգ Չիչյան