Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին
Նոյեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպեց ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց Երևանում անցյալ տարի կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի արդյունքներին։ Այս համատեքստում Միկաել Ժանը նշեց, որ ջերմությամբ է հիշում իր այցելությունը Հայաստան և համաժողովի կազմակերպչական բարձր մակարդակը։
Հայաստանի արտգործնախարարն ու Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարն անդրադարձան ՖՄԿ ամրապնդման և հեղինակության բարձրացման նպատակով ձեռնարկվող քայլերին։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նախարարական համաժողովի և Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախատրաստման աշխատանքների շուրջ։