Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը մասնակցեց «Հմտություններ և գիտելիքներ հանուն երիտասարդների հզորացման» ծրագրի մեկնարկային հանդիպմանը
Նոյեմբերի 22-ին ինքնազարգացման ու ժամանցի բազմաֆունկցիոնալ «Լոֆթ» կենտրոնում ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը և նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը մասնակցեցին ԱՄՆ պետդեպարտամենտի ֆինանսավորմամբ և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային կազմակերպության կողմից իրականացվող «Հմտություններ և գիտելիքներ հանուն երիտասարդների հզորացման» ծրագրի մեկնարկային հանդիպմանը:
Ծրագրի նպատակն է նպաստել տեղահանված և հակամարտություններից տուժած երիտասարդների ինտեգրմանը Հայաստանում:
Փոխանցելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը՝ Սերժ Սրապիոնյանը նշեց. ««Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային կազմակերպության գործունեությունը նմանօրինակ այլ կառույցներից տարբերվում է նրանով, որ երիտասարդներին նախապատրաստում է դիմագրավել աղետներին և այլ խնդիրներին: Գովելի է, որ այս տարվա ծրագրում ընդգրկված են նաև սիրիահայեր և «Վոլդ Վիժնի» գործունեության շնորհիվ ավելի կարագանա նրանց ինտեգրման գործընթացը: Սփյուռքի նախարարությունը պատրաստակամությամբ կհամագործակցի՝ իրականացնելու այս կարևոր ծրագիրը»:
«Վորլդ Վիժն Հայաստանի» տնօրեն Ժիրայր Էդիլյանը ողջունելով ներկաներին՝ ուրախությամբ նշեց, որ վերջապես մշակել են հատուկ ծրագիր, որի անմիջական շահառուները հիմնականում Հայաստան տեղափոխված սիրիահայ երիտասարդներն են լինելու:
Այնուհետև ՎՎՀ երիտասարդական ծրագրերի ղեկավար Լիանա Սարգսյանն առավել ամփոփ ներկայացրեց երիտասարդների համար առաջարկվող ծրագիրը՝ ընդգծելով, որ ծրագրի նպատակն է նպաստել տեղահանված և հակամարտություններից տուժած երիտասարդների ինտեգրմանը Հայաստանում, և մասնագիտական կողմնորոշման, դասընթացների, գործնական աշխատանքի ու զբաղվածության հնարավորություններ ստեղծելով՝ աջակցել նրանց կենսագործունեության համար անհրաժեշտ միջոցների ապահովմանը: Նա հավելեց, որ ծրագրի շահառուները 14-35 տարեկան երիտասարդներ են, որոնց 70%-ը փախստականներ են լինելու, իսկ 30%-ը՝ տեղացիներ: Նման համամասնությունը կնպաստի Հայաստանում հաստատված սիրիահայ երիտասարդների առավել արագ և արդյունավետ ինտեգրմանը: